Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան նախազգուշացրել են Սերբիային եւ Կոսովոյին, որ այդ երկրների միջեւ առաջ եկած կոնֆլիկտը շարունակելու դեպքում կփակեն ԵՄ-ի դռները նրանց առաջ:
Եվրպական երկրները համոզված են, որ շարունակական բնույթ կրող սահմանային միջադեպերը մեծապես վնասում են այդ երկրների` ԵՄ մտնելու հեռանկարներին, հաղորդում է Deutsche Welle-ը:
Նմանօրինակ համատեղ հայտարարությամբ հանդես են եկել Գերմանիայի դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելեն եւ նրա բրիտանացի գործընկեր Ուիլիամ Հեյգը:
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին սերբերի կողմից գրոհ էր եղել Յարինյե բնակավայրի մոտ գտնվող անցակետի վրա, երբ Կոսովոյի կառավարությունը ոստիկանություն էր ուղարկել սահմանապահ կետ` Սերբիայից ապրանքների ներմուծումն արգելելու համար: Հուլիսի 29 -ին որոշվել էր ՆԱՏՕ-ի ուժեր տեղակայել հսկիչ -անցակետում:
Դրանից հետո համաձայնություն է ձեռք բերվել, որ խաղաղապահները տեղակայվելու են այն երկու անցակետում, որոնք դարձել են սեպտեմբերի կեսերին սկսված հակամարտության պատճառ:
Օգոստոսի 4-ին Կոսովոյի իշխանությունները մեծ դժգոհություն են արտահայտել ՆԱՏՕ-ի խաղաղապահների եւ հանրապետության հյուսիսում բնակվող սերբերի միջեւ Կոսովոյի ու Սերբիայի անցակետերի վերահսկման վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կապակցությամբ:
Սակայն օգոստոսի 6-ին հայտնի է դարձել, որ Սերբիան եւ Կոսովոն հարթել են սահմանային ճգնաժամը:




























