Մանվել Հազրոյանի ծնողները մտադիր են բողոքարկել դատավճիռը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հազրոյանի փաստաբան Էդմոն Մարուքյանը:

Փաստաբանի խոսքով, ինչպես Հազրոյանը, այնպես էլ նրա ծնողները անհրաժեշտ են համարում բողոքարկել առաջին ատյանի դատարանի վճիռը, քանի որ չի բացառվում, որ Վերաքննիչ կամ Վճռաբեկ ատյանները այլ վճիռ կայացնեն: «Համապատասխան որոշումը կկայացվի, երբ ստանանք դատարանի որոշումը»,- նշել է փաստաբանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2010 թվականի նոյեմբերի 19-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի հարավային զորամասերում տեղի ունեցած արյունալի միջադեպի համար մեղադրվում է զինծառայող Մանվել Հազրոյանը: Տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ` Լեւոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.):

Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ`Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Մավրիկի Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) եւ Մանվել Արմենի Հազրոյանը (ծնվ. 1991թ.):

Օգոստոսի 3-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Համլետ Դավթյանի նախագահությամբ, Մանվել Հազրոյանին դատապարտել էր ցմահ ազատազրկման:

Վճռի հրապարակումից հետո Մ.Հազրոյանը սեղանի վրա գտնվող շիշը վերցրել եւ շպրտել է դատավորի ուղղությամբ, որից հետո Հազրոյանին ուղեկցող Շուշիի քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն ուժի գործադրմամբ ձեռնաշղթաներ են հագցրել եւ նրան վնասազերծել հենց դատարանի դահլիճում: ՔԿՀ-ի աշխատակիցները վնասազերծումից հետո սկսել են ծեծի ենթարկել Մ.Հազրոյանին հենց դատարանի դահլիճում՝ ուշադրություն չդարձնելով դատավորի հորդորներին՝ դադարեցնելու ֆիզիկական բռնությունը: Ավելին, Մ.Հազրոյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Էդմոն Մարուքյանի պահանջից՝ դադարեցնել իր պաշտպանյալի նկատմամբ ծեծը, ՔԿՀ-ի աշխատակիցներից մեկը բռնություն է կիրառել նաեւ փաստաբանի նկատմամբ՝ հայտարարելով, որ լավ է անում:

Հազրոյանի եւ Մարուքյանի նկատմամբ բռնության փաստով համապատասխան դիմումը ուղարկվել է Հայաստանի գլխավոր դատախազությանը:

Մարուքյանը նշել է, որ դատավորն ինքն է սադրել Հազրոյանի արարքը: «Ես 19 էջանոց ելույթ էի պատրաստել: Լսելով այն` դատավորը գնաց խորհրդակցական սենյակ, եւ բառացիորեն կես ժամ անց ետ եկավ պատրաստի վճռով: Կես ժամը հաստատ հերիք չէր փաստարկները քննարկելու համար, եւ վճռի հրապարակման շտապողականությունը վկայում է, որ այն արդեն պատրաստ էր»,- նշել է փաստաբանը: