Առաջիկա երեք օրերին եղանակը պայմանավորված կլինի հյուսիսարեւելյան սառը օդային հոսանքներով, որոնք ներթափանցում են Կասպից ծովի հյուսիսային շրջաններից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ԱԻՆ «Հայպետհիդրոմետի» օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նա նշեց, որ Լոռիի, Տավուշի, Սյունիքի մարզերում սպասվում են մանրամաղ տեղումներ, առանձին վայրերում` մառախուղ: Իսկ հանրապետության մյուս վայրերում տեղումների հավանականությունը մեծ է հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:

Ինչ վերաբերում է օդի ջերմային ֆոնին, ապա, ըստ Գագիկ Սուրենյանի, առաջիկա երեք օրերին այն էապես չի փոխվի: Ցածր ջերմաստիճաններ են դիտվում Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում: Լոռիում եւ Տավուշում ջերմաստիճանը չի գերազանցում 20-ից 24 աստիճանը, Սյունիքում` 18-ից 23 աստիճանը: Մայրաքաղաքում գիշերային ժամերին սպասվում է 16-ից 18, ցերեկը` 31-ից 33 աստիճան տաքություն: