Ֆինանսական ճգնաժամի նոր ալիքից չի թաքնվի ոչ մի երկիր: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը` մեկնաբանելով ֆոնդային բորսաներում արձանագրված գլոբալ անկումը S&P-ի կողմից ԱՄՆ վարկանիշի իջեցման արդյունքում:

«Ազդեցությունը կարող է պայմանավորված լինել նրանով, որ արժեթղթերը բորսաներում հիմնականում ԱՄՆ գանձապետական պարտամուրհակներ են: S&P-ի նոր գնահատականի արդյունքում դրանց գինը կարող է նվազել, թեեւ շարունակելու են համարվել լավագույն ներդրումային գործիքներից մեկը: Պետք է նկատել` նվազման միտումները պայմանավորված են ոչ ԱՄՆ, այլեւ եվրոպական երկրների իրավիճակով»,- նշել է Մանասերյանը: Նա նկատել է, որ ինչպես ավելի վաղ էր նշվում իր ղեկավարած «Այլընտրանքի» հետազոտություններում, համաշխարհային ճգնաժամն արդեն մի քանի ամիս նոր փուլ է մտել, եւ տվյալ փուլում դրանից չի թաքնվի ոչ մի երկիր, այդ թվում` Հայաստանը: