Թուրքական Hurriyet-ն ընթերցողների դիտողություններին ի պատասխան՝ անուղղակի կերպով խոստովանել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերն աղավաղել է։
Քյուրշաթ Բոզքուրը արձագանքել է Hurriyet-ի «Ղարաբաղը մենք վերցրեցինք, Աղրըն էլ (Արարատ լեռը) ձեզ ենք թողնում» հրապարակմանը՝ նշելով, թե ինքը կարդացել է Հայաստանի նախագահի խոսքերը, որում նման արտահայտություն չկա, ավելին՝ Սերժ Սարգսյանը շեշտում է, որ երկրների կշիռը տարածքով չի որոշվում։ «Վերջերս ձեր թերթում կարդացի «ռազմատենչ լրագրության» եւ «ատելության հանցանքների» մասին։ Եւ ձեր այդ հրապարակուման անհիմն վերնագիրը դրանցից ո՞ր մեկի մեջ է մտնում»,- հարցրել է թերթի ընթերցողը, ինչին Hurriyet-ի պատասխանատուն պատասխանել է. «Հուլիսի 26-ի հրապարակման մեջ չկա այսպիսի տող. «Ղարաբաղը մենք վերցրեցին, Աղրըն էլ ձեզ ենք թողել»։ Սակայն կա. «Ղարաբաղը մենք վերցրեցինք», որից հետո. «ամեն սերունդ իր պարտականությունն ունի» եւ երկրի ուժն ու կշիռը հողի չափով չի որոշվում» արտահայտությունը։ Այսինքն՝ մեկնաբանության հիման վրա գրված վերանագիրը չի համապատասխանում հրապարակման բովանդակությանը»:
Hurriyet-ի պատասխանատուն մեջբերել է Թուրքիայի լրագրողների իրավունքների եւ պատասխանատվության հռչակագրի 3-րդ կետը, որտեղ նշված է, որ լրագրողները պետք է խուսափեն մարդկանց, հասարակությունների եւ ազգությունների միջեւ ատելություն սերմանող հրապարակումներից եւ նպաստեն խաղաղությանը։ «Որպես լրագրողներ, մենք պարտավոր ենք աջակցել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ անհամաձայնության վերացմանը։ Դրա համար պետք է իրականացնեք «խաղաղության լրագրություն», ոչ թե «հակամարտող լրագրություն»։ Հիմա մտածենք՝ իրականությանը, խաղաղությանն ու խնդրի լուծմանն այդ հրապարակման համար ո՞ր վերնագիրն է հարմար. «Ղարաբաղը մենք վերցրեցին, Աղրըն էլ ձեզ ենք թողել» թե՞ «Սերժ Սարգսյան. Երկրի կշիռը հողի չափերով չի որոշվում»,-նշել է Hurriyet-ի պատասխանատուն։
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ծաղկաձորում Հայոց լեզվի, գրականության եւ հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով դպրոցականներից մեկի հարցին, թե ի՞նչ սահմաններ է ունենալու ապագա Հայաստանը, արդյոք մեզ կվերադարձվի Արեւմտյան Հայաստանը, ասել է.
«Այդ ամբողջը կախված է քեզնից եւ քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջեւ դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որեւէ մեկին կշտամբեմ:
Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, եւ այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել:
Եթե դու եւ քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը: Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, եւ սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին:
Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել: Իսկ մենք դրան կարող ենք հասնել, շատ հանգիստ կարող ենք հասնել, եւ մեկ անգամ չէ, որ պատմության ընթացքում հասել ենք դրան:
Ես դրանում չեմ կասկածում եւ ուզում եմ, որպեսզի դու էլ չկասկածես: Մենք մի ժողովուրդ ենք, որ, այո՛, փյունիկի պես միշտ հառնում ենք»:



























