Շիրակի մարզում բնակչության աճը շարունակում է նվազել: Վերջին մեկ տարում ծնելիության ցուցանիշը նվազել է, մահացությանն` աճել:

«Շիրակի մարզի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնից ստացված տեղեկությունների համաձայն `ծնունդների թիվը մարզում այս տարվա կտրվածքով 1658 է, մահերի քանակը` 1507: Սա նշանակում է, որ բնական աճը 151 է, այն ավելի պակաս է, քան նախորդ տարվա այս ժամանակահատվածում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ազգային վիճակագրական ծառայության Շիրակի մարզային գործակալության ամփոփ տվյալների բաժնի պետ Անահիտ Մարգարյանը:

Նրա խոսքով, ծնունդների թիվը նվազել է 8.5 տոկոսով, մահացության ցուցանիշն աճել է 2.3 տոկոսով: Թվերն անհանգստացնող են, հատկապես որ ամեն տարի ապրիլից սկսած ծնելիությունն սկսում է աճել եւ ամռան ամիսներին ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվում, իսկ այս տարի վիճակն այլ է:

Գյումրիում 6 ամսվա տվյալներով, ըստ ԱՎԾ  Շիրակի մարզային գործակալության տրամադրած տվյալների` մահացությունը 75-ով գերազանցում է ծնելիության ցուցանիշը: