Մեծ Բրիտանիայում փողոցային հուզումների նոր ալիք է բարձրացել: Լոնդոնից ու Բիրմինգհեմից հետո, անկարգությունները տարածվել են նաեւ Լիվերպուլում:
Ոստիկանության հաղորդմամբ, քաղաքում բախումներ են տեղի ունենում իրավապահների ու ագրեսիվ տրամադրված երիտասարդների միջեւ: Հրդեհվել են մեքենաներ, բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու ժամանակ կալանավորվել է 225 մարդ, 36-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել:
Ավերածություններն ու կաղոպուտը շարունակվում է նաեւ Մեծ Բրիտանիայի մեծությամբ երկրորդ քաղաքում` Բիրմինգհեմում: Ինչպես հայտնել է ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը, մեգապոլիսի կենտրոնում կոտրվել են խանութների ու ռեստորանների ցուցափեղկերը, հրդեհվել է ոստիկանության բաժիններից մեկը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Մի քանի հարձակվողներ կալանավորվել են, սակայն անկարգությունները շարունակվում են եւ ոստիկանությունը փորձում է ձերբակալել ջարդարարներին»,- նշել են իրավապահ մարմիններում:
Միաժամանակ Սքոթլանդ-Յարդի հանձնակարատրի պաշտոնակատար Թիմ Գոդվինը կոչ է արել լոնդոնցիներին փողոց դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում:
Տեղի ունեցող դրամատիկ դեպքերի առնչությամբ, երկրի վարչապետ Դեվիդ Քեմերոնը կիսատ է թողել արձակուրդն Իտալիայում, որտեղ հանգստանում էր ընտանիքի հետ միասին: Նա Լոնդոնում արտակարգ կառավարական «Կոբրա» կոմիտեի նիստ կանցկացնի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 6-ի գիշերը Լոնդոնի Թոթենհեմի շրջանում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել: Մասնակցել են մոտ 300 տեղացիներ, որոնք ոստիկանների վրա քարեր եւ հրակայուն հեղուկով շշեր են նետել: Այրվել են ոստիկանական երկու ավտոմեքենա, մեկ երթուղային ավտոբուս, մոտակա խանութները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բախումներից հետո 8 ոստիկան հոսպիտալացվել է:Հաղորդվում է, որ անկարգությունները յուրօրինակ պատասխանն են եղել անցած հինգշաբթի տեղի ունեցած միջադեպի: Այդ օրը ոստիկանները փորձել էին ձերբակալել չորս երեխայի հայր, 29-ամյա բրիտանացի Մարկ Դագանին, ով փախուստի էր դիմել տաքսիով: Ոստիկանները հետապնդել էին նրան, եւ փոխհրաձգության արդյունքում Դագանը սպանվել էր: Նրա հարազատներն ասում են, որ Դագանի մոտ զենք չի եղել:
Ոստիկանությունը պնդում է, որ իր գործողությունները ճիշտ են եղել: Ոստիկանության տվյալներով անկարգությունների հետեւանքով, ընդհանուր առմամբ, տուժել է 30 մարդ, որոնցից 26-ը` ոստիկաններ: Ձերբակալվել է 55 մարդ: Երկրի վարչապետ Դեվիդ Քեմերոնի գրասենյակը տեղի ունեցածը որակել է որպես «բացարձակ անընդունելի գործողություն»:




























