Երեկ Սեւանա լճում ջրահեղձման միանգամից երեք դեպք է գրանցվել: Սա այս տարի Սեւանում գրանցված ջրահեղձման առաջին դեպքերն են, եւ մեկ օրում` եռակի ողբերգություն: Սեւանում աշխատող ջրափրկարարները, որոնք գործում ենք ՀՀ ԱԻ նախարարության ենթակայության ներքո, չեն ընդունում, որ տեղի ունեցածի մեջ իրենց մեղքը կա, չնայած ընդունում են, որ Սեւանա լճի շուրջ փրկարարական կետերի պակաս կա:
Այս իրադարձությունների ֆոնին կամա թե ակամա հիշեցինք ընդամենը օրեր առաջ տեղի ունեցած մի պատմություն, որի մասին հիշատակումը մինչեւ օրս պահպանվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջում: Ըստ տարածված պատմության, ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը Սեւանա լճում գտնվելու ընթացքում հերոսական արարք է թույլ տվել. փրկել է Սեւանա լճի գրեթե կենտրոնում սպառնալից վիճակում հայտնված չորս երիտասարդների, որոնց նավակները բախվել էին իրար եւ շրջվել. «Հետաքրքիր զուգադիպությամբ այդտեղ է եղել նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, որն անձամբ հանձն է առել խեղդվողների փրկության գործը:
Ականատեսները պատմել են, որ փրկվածները չիմանալով, թե ով է իրենց փրկարարը, դիմել են նրան. «Հոպար, մերսի, մեռնելուց պրծանք, էթանք մի-մի թաս բան խմենք»: Նախարարը հրաժարվել է:
Ավելի ուշ փրկվածները տեղեկացել են, թե ով էր իրենց փրկարարը»: Ահա այսպիսի հուզիչ-գովազդային պատմություն է մինչեւ օրս շրջանառվում տարբեր կայքերում: Երեկ տեղի ունեցած եռակի ջրահեղձումից հետո Երիցյանի կողմից փրկված երիտասարդները թերեւս կհարցնեին. «Հոպպար, բա ու՞ր էիր, հոպպար»:




























