«Ժառանգություն» կուսակցությունը միշտ պատրաստ է եղել եւ հիմա էլ պատրաստ է այս կամ այն քաղաքական ուժի հետ համագործակցության: Այդ մասին օգոստոսի 9-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը՝ պատասխանելով «Ժառանգության» եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ հնարավոր համագործակցության մասին հարցին:

«Բայց այստեղ մեկ բայց կա: Մենք միշտ քննարկում ենք կոնկրետ խնդիրը, այլ ոչ թե անձերին, պաշտոններն ու միջոցները: Եթե ծագի քննարկման ենթակա առարկայական հարց, դա լիովին հնարավոր է»,- ընդգծել է Մարտիրոսյանը՝ հստակեցնելով, որ քննարկման առարկա կարող են լինել քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ իրավական ասպեկտները, բայց ոչ մի դեպքում խորհրդարանում տեղերի համար առեւտուրը:

ՀԱԿ-ի եւ իշխանությունների միջեւ երկխոսությունը մեկնաբանելու խնդրանքին նա պատասխանեց հետեւյալ կերպ. «Ես սերիալներ չեմ դիտում, առավել եւս հայկական»: Նրա խոսքով այսօր սերիալը հայկական քաղաքականության մեջ շատ կարեւոր տարր է: «Սերիալները մշտապես ցուցադրվում են prime time, դրանցով ողողված է ողջ եթերը, դրանք խանգարում են, որ մարդիկ զարգանան եւ շեղում են նրանց ուշադրություն օճառային օպերաների վրա: Դա շատ կարեւոր է»,- երկիմաստ ասել է պատգամավորը: