Օգոստոսի 8-ի դրությամբ, Հայաստանում 2011-ին արձանագրվել է 1206 ավտովթար, որոնց արդյունքում զոհվել է 156 մարդ, վիրավորվել` 1794-ը: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 9-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային բաժնի պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, արձանագրվել է պատահարների թվի աճ, նախորդ տարվա համեմատ 166-ով: 8-ով ավելացել է զոհերի թիվը, 388-ով վիրավորների: Սակայն, ըստ Սարգսյանի, անհանգստության կարիք չկա. աճը պայմանավորված է ԱՊՊԱ-ի ներդրմամբ: Եթե նախկինում վարորդները փորձում էին հարցերը լուծել առանց ոստիկանության միջամտության, այժմ ամեն ինչ հակառակն է: Մյուս կողմից 7 ամսում հանրապետություն է բերվել 15 հազար 428 ավտոմեքենա, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է 2010 թվականի ցուցանիշը:

Ընդամենը հանրապետությունում 400 հազար մեքենա կա: Սարգսյանի կանխատեսմամբ, եթե միտումը պահպանվի, տարեվերջին պատահարների արդյունքում զոհվածների թիվը կհասնի 250-ի: