Հայաստանի իշխանությունները կգնան արտահերթ ընտրությունների միայն այն դեպքում, եթե վստահ լինեն, որ մեծ տարբերությամբ հաստատուն հաղթանակ կտանեն: Այդ մասին օգոստոսի 9-ին տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով, դա վերաբերում է միայն խորհրդարանական ընտրություններին, քանզի նախագահական արտահերթ ընտրությունների հավանականությունը շատ ավելի չնչին է:

«Ես չեմ տեսնում որեւէ գործընթաց, որը կարող է հանգեցնել արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման: Ինչ վերաբերում է խորհրդարանականին, ապա հերթականն ընտրություններն արդեն մոտենում են, իսկ եթե արտահերթ ընտրություններ անցկացվեն, ապա դրանք, ըստ էության, կլինեն նույն հերթականը»,-նշել է ընդդիմադիրը:

Պատասխանելով այն հարցին, թե պատրա՞տ է արդյոք «Ժառանգություն» կուսակցությունը մասնակցել արտահերթ ընտրություններին, դրանց անցկացման դեպքում, Մարտիրոսյանը շեշտել է, որ «Ժառանգություն»-ը միշտ պատրաստ է, ցանկացած ժամանակահատվածում: «Այն ծառայությունների հիման վրա, որոնք մենք մատուցել ենք հասարակությանը վերջին 4 տարվա ընթացքում, մենք կարող ենք վստահ լինել, որ ունենք այդ ներուժը»,-ասել է նա:

Միաժամանակ Մարտիրոսյանը հավելել է, որ նախագահական ընտրությունների անցկացման դեպքում կուսակցությունը դեռ չի կողմնորոշվել, թե ում թեկնածությունն է առաջադրելու: