Գերմանական «Ալյանս 90-Կանաչներ» կուսակցության համանախագահ, Բունդեսթագի եւ Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Ջեմ Էզդեմիրը Գերմանիայի Հայերի կենտրոնական խորհրդին մեղադրել է իր հայտարարությունները խեղաթյուրելու մեջ: Ինչպես հաղորդում է  գերմանական «Tagesspiegel» պարբերականը, խրհուրդն ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ ներկայացրել էր ծագումով թուրք Էզդեմիրի խոսքերը` 2005թ. Բունդեսթագի կաղմից ընդունված 1915-16 թթ. հայերի ջարդերը դատապարտող բանաձեւի մասին: Ըստ հաղորդագրության` Էզդեմիրն ափսոսանք է հայտնել, որ գերմանական խորհրդարանը չի օգտագործել «ցեղասպանություն» տերմինը, որը որոշակի իրավական հետեւանքներ է ենթադրում:

Կանաչների ներկայացուցիչը, ով հայտնի է  որպես Երեւանի եւ Անկարային  միջեւ հարաբերությունների կարգավորման կողմնակից, նման մեկնաբանությունը բացասաբար է ընդունել: «Թուրքիայում գիտեն, որ ցեղասպանություն եղել է, եւ եթե մեկ ուրիշ երկրում ասում են, թե չի եղել, դա ոչինչ չի փոխում»,-հայտարարել է Էզդեմիրը: «Ես մի քանի անգամ որոշակիորեն նշել եմ, որ Թուրքիայի օտարումը Եվրոպայից ձեռնտու չէ հենց հայերին: Ցավոք, խորհրդի մեկնաբանություններում ես տրամագծորեն հակառակ վերաբերմունք եմ նկատում»,-ասել է քաղաքական գործիչը:

Անդրադառնալով հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանությանը, Էզդեմիրն ասել է. «Ես ցանկանում եմ պաշտպանել իմ ընկերոջ ժառանգությունը: Նա գիտեր, ինչպես խոսել այնպիսի բարդ թեմայի մասին, որ իրեն լսեին»: