Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին մեղադրել է իր «սեփական շահերն անխղճորեն պաշտպանելու» մեջ, գրում է CNN-ը։

Նա նշել է,որ «Եվրոպայի ուժն ու վճռականությունն, անկասկած, տուժել են» Եվրամիության անդամ պետությունների միջեւ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հետ կապված «վեճերի» պատճառով։

«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ չափազանց շատ փոխզիջումները ոչ միայն մթագնում են, այլեւ ոչնչացնում են պարզությունը: Ես, իհարկե, ոգեւորված չեմ դրանով»,-ասել է Հաբեքը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում։

Հաբեքը մեղադրել է Օրբանին Մոսկվայի դեմ ԵՄ-ի վեցերորդ պատժամիջոցների շուրջ բանակցությունների ընթացքում «անխղճորեն իր շահերը պաշտպանելու» մեջ։ 

«Վիկտոր Օրբանն այնքան  խորն է միջամտում, որ կարծես անխղճորեն պոկեր է խաղում հանուն իր շահերի»,-ասել է նա։