Թուրքիայի Իզմիր քաղաքի ծանր հանցագործությունների գծով 8-րդ դատարանում ընթացող մի դատավարության ժամանակ  դատարանի նախագահի հրամանով հենց դատարանի դահլիճում ծեծի է ենթարկվել 68-ամյա մի քուրդ կին։

Firat գործակալության փոխանցմամբ՝  դատարանում ընթանալիս է եղել 2010-ին Նովրուզի տոնակատարությանը մասնակցելու, ահաբեկչական կառույցի անունից հանցանք գործելու եւ հակաօրինական կարգախոս հնչեցնելու մեղադրանքով կալանված 10 քրդերի դատական լսումը։

Դատարանի որոշումից դժգոհ 68-ամյա Գյուլնազ Էքմեքչին առարկել է, ասելով. «Այս ի՞նչ դատարան է։ Այսպիսի դատարան կա՞», որից հետո դատարանի նախագահը ոստիկաններին հրահանգել է ծեծել կնոջը։  Փաստաբաններին մի կերպ հաջողվել է ոստիկանների ձեռքից փախցնել կնոջը, ով գլխին ստացած վերքերի պատճառով տեղափոխվել է հիվանդանոց։