Այն, որ Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների մի մասը զբաղվում է ձեռնարկատիրությամբ, հայտնի էր առանց Հայ ազգային կոնգրեսի ցուցակի էլ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայ ազգային կոնգրեսի հետ բանակցություններում կառավարող կոալիցիայի պատվիրակության անդամ, Ազգային Ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

«Անհիմն մեղադրանքներ չեն հնչեցվել, պատգամավորներն իսկապես իրավունք չունեն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Բայց կան շատ օրինակներ, երբ բիզնեսը ղեկավարվում է ոչ ուղիղ եղանակով»,- հայտարարել է Բոստանջյանը: Հենց այդ պատճառով էլ, ըստ նրա, այդ փաստարկը չի կարող բավարար լինել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար:

Նշենք, որ այսօր կոալիցիայի եւ ընդդիմության բանակցություններին ՀԱԿ-ը ներկայացրել է 76 պատգամավորների ցանկ, որոնք զբաղվում են ձեռնարկատիրությամբ, ինչը Սահմանադրության խախտում է:

Բանակցությունների հաջորդ փուլը կայանալու է հաջորդ շաբաթ` նախապես նախանշված ուրբաթ օրվա փոխարեն: Բանակցողները պարզաբանել են, որ հետաձգումը պայմանավորված է փաստարկներին հանգամանալից պատրաստվելու հանգամանքով: