2011թ-ին Շիրակի մարզում գրանցվել է 8597 աշխատանք փնտրող, նախորդ՝ 2010թ-ի  9512 փոխարեն:  8597 աշխատանք փնտրողներից 7559-ն ունեն գործազուրկի կարգավիճակ:

Գործազուրկների շարքերը տարեց-տարի երիտասարդանում են, ավելանում են բուհ ավարտած եւ այդպես էլ աշխատանք չգտած երիտասարդները: Գործազուրկներից շուրջ 4103-ը ունի միջնակարգ կրթություն, 1094-ը` բարձրագույն կրթություն, իսկ 1412-ը` միջին մասնագիտական կրթություն:  Այնուամենայնիվ գործազուրկների մեծ մասը 35-45 տարեկաններն են, շուրջ 2206 մարդ:

Աշխատաշուկայի պահանջներից ելնելով ավելի է դժվարացել աշխատանք գտնելը: Հիմնական պահանջները սպասարկման ոլորտում են, ինչպես նաեւ վարսավիրների, ֆլորիստ-դիզայների, հացթուխների եւ մատուցողների: Գրեթե յուրաքանչյուր գործատու ցանկանում է իր մոտ աշխատելիս տեսնել բարետես եւ երիտասարդ անձանց:

Բացի արտաքինից, անհրաժեշտ է նաեւ աշխատանքային փորձը: Այստեղ է, որ առաջ է գալիս պարադոքսը. եթե երիտասարդ է, ապա աշխատանքային փորձ չունի, իսկ եթե ունի աշխատանքային փորձ, ապա այլեւս չի համապատասխանում «բարետես» եւ «երիտասարդ» լինելու չափանիշին:

Ըստ «Գործազրկության մարզային կենտրոնի» տվյալների, այս տարի 8597 գործազուրկներից աշխատանքով ապահովվել են 259-ը, 2010 թվականի 135-ի փոխարեն, այսինքն 124-ով ավելացել են աշխատատեղերը, կամ 124-ով պակասել է գործազուրկների թիվը: