Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում եռօրյա սուգ է հայտարարված: ՆԱՏՕ-ի ուժերը ավիահարվածներ են հասցրել լիբիական Զլիտան քաղաքից ոչ հեռու գտնվող Մաջար գյուղին: Առնվազն 85 մարզ զոհվել է, հաղորդում է Fox News-ը:

Զոհերից 33-ը երեխաներ են: Գյուղը փաստացի վերացել է երկրի երեսից: Նախօրեին ընդդիմադիրների զորքերը ՆԱՏՕ-ի օդանավերի աջակցությամբ գրավել են Զլիտանը: Օդանավերը պետք է մաքրեին քաղաք մտնող մուտքերը:

Զլիտանը ռազմավարական կարեւոր տարածք է: Այն գտնվում է ընդդիմության կողմից վերահսկվող եւ նրանց հենակետը հանդիսացող Միսրատայի եւ Քադաֆիի հենակոտը հանդիսացող Տրիպոլիի միջեւ:

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հաստատել են, որ իսկապես, ռմբակոծել են գյուղը, բայց նրանց թիրախը ռազմական օբյեկտներն են եղել: Խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին նրանց ոչինչ հայտնի չէ: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների ներկայացմամբ, խաղաղ բնակիչների մահվան մասին ապացույցներ չկան: