Հայաստանի ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական պատգամավոր Դավիթ Հարությունյանը, ով նաեւ ՀԱԿ-ի հետ բանակցող խմբի անդամ է, հերքել է տեղեկությունները, թե ՀԱԿ-ի ձերբակալված երիտասարդ ակտիվիստների նկատմամբ մեկուսարանում բռնություն է գործադրվել:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ այսօր առավոտյան ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանից տեղեկացել է, որ ժամանակավոր պահման մեկուսարանում ծեծում են երեկ բերման ենթարկված ՀԱԿ-ի ակտիվիստներին:
«Իմ խոստման համաձայն, որ որպես պատգամավոր կհետեւեմ տեղի ունեցողին, ես գնացել եմ ձերբակալվածների պահման վայր, առանձին առանձին հանդիպել բոլոր 7 ձերբակալվածներին: Նրանք բոլորը հաստատել են, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը եւ որ ժամանակավոր պահման մեկուսարանում իրենց նկատմամբ բռնություն չի կիրառվել»,- հայտնել է Հարությունյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ՀԱԿ 7 ակտիվիստների` Տիգրան Առաքելյանին, Սահակ Մուրադյանին, Արեգ Գեւորգյանին, Սարգիս Գեւորգյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին եւ Վահագն Գեւորգյանին: Հելսինկյան Ասոցիացիայի փոխանցմամբ, Կարապի լճի մոտ երիտասարդները մոտեցել են ՊՊԾ գնդի աշխատակիցներին, երբ վերջիններս ստուգելիս են եղել մի քանի անցորդների: Երիտասարդները պահանջել են հիմնավորել իրենց գործողությունները, որից հետո էլ հենց ոստիկանները բռնություն են գործադրել եւ ծեծի ենթարկել երիտասարդներին:
Բերման ենթարկված ՀԱԿ-ի ակտիվիստների փաստաբաններին եւ շտապ օգնության բժիշկներին երկար ժամանակ թույլ չեն տվել մտնել ոստիկանական բաժանմունք: Ի վերջո, երիտասարդներին պաշտպաններին դա թույլ են տվել, որից հետո փաստաբան Վահե Հովսեփյանը դուրս գալով հայտարարել է, որ երիտասարդների վրա ակնհայտ բռնության հետքեր են եղել:
Երեւանի Կենտրոնի ոստիկանության մոտ տասնյակ մարդիկ են հավաքվել, ովքեր լուրերի են սպասում բաժնում գտնվող ակտիվիստների մասին:




























