Բաքուն հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակելու օգտին: Ինչպես հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը, մեկնաբանելով Սոչիում օգոստոսի 9-ին Իլհամ Ալիեւի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման արդյունքները, «նախագահների մոտեցումները կարելի է արտահայտել հետեւյալ կերպ, Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ անցկացված հանդիպումներում եւ բանակցություններում հնարավոր է դարձել մոտեցնել կողմերի դիրքորոշումները որոշ հարցերում` Մադրիդյան հիմնարար սկզբունքների շուրջ»:
«Ուստի անհրաժեշտ է շարունակել բանակցությունները»,- ասել է Նովրուզ Մամեդովը:
Միեւնույն ժամանակ Իլհամ Ալիեւը բանակցություններից հետո, ինչպես եւ Կազանի հանդիպումից, հայտարարել է, թե Հայաստանի ղեկավարությունը բազմիցս «ցուցաբերել է ոչ անկեղծ պահվածք, բանակցությունների անարդյունավետ ընթացքը բարդելով Ադրբեջանի վրա, օգտագործելով Հայաստանի ղեկավարությանը մտերիմ շրջանակների եւ սփյուռքի հնարավորությունները»:
Ըստ Մամեդովի, Ալիեւը հերթական անգամ Մեդվեդեւին է ներկայացրել Ադրբեջանի տեսակետը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ:




























