Քաղաքաշինության նախարարությունը համաձայնվել է Գյումրիում բնակարանների բաշխման գործընթացը տեսաձայնագրելու առաջարկությանը:

Նախորդ ամիս «Շիրակ կենտրոնը» Գյումրիում երկրաշարժից մինչ օրս անօթեւան ընտանիքներին բնակարանների բաշխման գործընթացում թափանցիկություն ապահովելու նպատակով, ՀՀ քաղաքաշինության նախարարին դիմում-առաջարկ էր հղել, առաջիկա երկու ամիսներին անցկացվելիք 1756 բնակարանների բաշխման վիճակահանությունների ողջ ընթացքը տեսաձայնագրելու անհրաժեշտության մասին:

«Շիրակ Կնետրոնից» NEWS.am-ին հայտնում են, որ դիմում-առաջարկում նշված էր. «Աղետի գոտում նախորդ տարիներին իրականացված բնակբաշխման փորձը հաշվի առնելով կարելի է ասել, որ ոչ պակաս կոռուպցիոն ռիսկեր է պարունակում   բնակարանների հատկացման փուլը: Պատճառը պարզ եւ միանգամայն հասկանալի է. յուրաքանչյուր ընտանիք էլ կնախընտրեր բնակվել ցանկալի` հիմնականում 2-րդ կամ 3-րդ հարկի հարավային պատուհաններով բնակարաններից որեւէ մեկում:

Նույնիսկ 2010 թվականին, երբ բնակարանները հատկացվեցին հրապարակային վիճակահանություններով, բազմաթիվ անօթեւան ընտանիքների մոտ առկա էր մտահոգություն դրանց արդարացի ընթացքի վերաբերյալ: Նրանք կասկածում էին, որ ոչ բոլոր բնակարաններն են վիճակահանությամբ բաշխվում: Կարելի է հասկանալ անօթեւան ընտանիքների մտավախությունը. 22 տարի շարունակ ծայրահեղ ծանր պայմաններում ապրելով տնակներում, նրանք իրենց մաշկի վրա են զգացել բազում անարդարություններ, ինչպես ասում են` «Աչքը տեսածից է վախենումե:

Նման մտավախություններն առավել եւս ներկա փուլում են առկա բնակարան ստանալու հավակնորդ ընտանիքների շրջանում, քանի որ ի տարբերություն 2010 թ.-ի` ընթացիկ տարում Գյումրիում երկրաշարժից անօթեւան ընտանիքների համար բնակելի  շենքերը կառուցվել են երկու տարբեր ` Մուշ-2 եւ Անի թաղամասերում: Իսկ շահառուների մեծ մասը ձգտում են բնակարաններ ստանալ Անի թաղամասից, քանի որ այն առավել հին եւ կայացած թաղամաս է, համեմատաբար ավելի մոտ է քաղաքին եւ ունի կենսապահովման պայմաններ:

«Շիրակ կենտրոննե իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու, որ բնակարանների բաշխման վիճակահանություններն ընթանան թափանցիկ եւ այդ նպատակով սեփական տեխնիկական ու ֆինանսական միջոցներով նկարահանելու ու (www.shirakcentre.org) վեբ կայքում տեղադրելու է 2011 թվականին Գյումրիում բնակարանների բաշխման վիճակահանությունների ամբողջ ընթացքի տեսաձայնագրությունները»:

Այսօր ստացվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանը, որում ասվում է. «վիճակահանության ողջ ընթացքը տեսաձայնագրումը ողջունելի է եւ այն ավելի կբարձրացնի վիճակահանության գործընթացի թափանցիկության նկատմամբ հասրակության վստահությունը»: