Տեսանելի ապագայում Ղարաբաղում պատերազմ չի լինի: Այդ մասին  օգոստոսի 10-ին լրագրողների հետ ունեցած ասուլիսում հայտարարել է Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցության ղեկավար Էդուարդ Անտինյանը: Նրա խոսքով, պատերազմն սկսվում է որոշակի հանգամանքների զուգադիպության դեպքում:

«Ե՞րբ է ընդհանրապես պատերազմ լինում: Դա լինում է հակամարտության գոյության դեպքում, որը երկար ժամանակ հնարավոր չէ հարթել: Հակամարտությանը հետեւող ուժային կենտրոնները հոգնում են, երբ այս կամ այն կողմն անդադար իր խնդիրներով «խցկվում է» այնտեղ, որտեղ որ չարժեր: Այդ դեպքում գերտերությունները կողմերից մեկին հրահրում են, որ նա պատերազմ հայտարարի, իսկ հետո իրենք են խառնվում եւ հարկադրում հակամարտող երկրներին խաղաղություն հաստատել: Սա է սցենարը»,-նշել է Անտինյանը:

Սակայն, նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի դեպքում այդպես չի լինի, քանզի հակամարտության մեջ ներքաշված ուժային կենտրոնների շահերը չեն համընկնում: «Այստեղ խաղում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Իրանը` նման դասավորության պայմաններում հակամարտության էսկալացիան շատ չնչին է»,-գտնում է քաղաքական գործիչը:

Միաժամանակ նա բացառել է հակամարտության շուտ կարգավորման հավանականությունը: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասին խոսելիս Անտինյանը նշել է, որ շատ է հարգում ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանն ուղղված նրա ջանքերը, սակայն նրա մոտ ոչինչ չի ստացվի: «Ոչ թե այն պատճառով, որ նա չի ուզում, այլ այն, որ նրան թույլ չեն տա, եւ խոսքը միայն Վլադիմիր Պուտինին չի վերաբերում»,-հայտարարել է Անտինյանը` շեշտելով, որ ամենի մեղավորը վերոնշյալ ուժային կենտրոնների հետաքրքրությունների տարբերությունն է: