Երեւանում այսօր` օգոստոսի 10-ին, տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Ծրագիր 1-ի եւ Ծրագիր 2-ի շնորհանդեսը:

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհանդեսին մասնակցել են մարզպետեր, քաղաքապետեր, համայնքապետեր, մի շարք նախարարությունների, Հայաստանում հավատարմագրված դեսպանատների, հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը նշել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային տրանսպորտային միջանցքը` ընդհանուր երկարությունը 556 կմ, ապահովում է Հայաստանի, Վրաստանի տարածքով ելք դեպի Սեւ ծով, ապա նաեւ դեպի եվրոպական երկրներ:

Հատելով Հայաստանի տարածքը հարավից հյուսիս` (Մեղրի -Կապան-Գորիս-Երեւան-Աշտարակ-Գյումրի-Բավրա) միջանցքը միանում է վրացական ճանապարհին հարավային կողմից: Ծրագրի իրականացման արդյունքում բարելավվում է Եվրոպա-Կովկաս-Ասիա ճանապարհային հաղորդակցությունը՝ Արեւմտյան Ասիայի եւ Արեւելյան Եվրոպայի հատման վայրում: