Ամերիկյան շրջանային դատավորն օգոստոսի 8-ին մերժել է Հայոց ցեղասպանության ժառանգների փոխհատուցման համար ստեղծված հիմնադրամի աուդիտի մասին միջնորդությունը` միաժամանակ կարգադրելով ադմինիստրատորին պարզաբանել վճարումների միջեւ եղած տարբերությունը: Այդ մասին հաղորդում է  «Glendale News-Press»-ը:

Անկախ աուդիտի էր ձգտում փաստաբան Վարդգես Եղիայանը` իմանալով, որ ապահովագրական «Axa S.A.» ընկերության կողմից ստեղծված  հիմնադրամում գրեթե 2,5 մլն ավելի գումար կա, քան ենթադրվում էր սկզբում:

Սակայն ամերիկյան շրջանային դատավոր Քրիստինա Սնայդերը նշել է, որ աուդիտը բավական երկար ժամանակ կպահանջի, եւ դրա անհրաժեշտությունը չկա, եթե Գլեդելում բնակվող հիմնադրամի ադմինիստրատոր Բարսեղ Գարդալյանը  համապատասխան տեղեկատվություն ներկայացնի:

Գարդալյանն ընդամենը մի քանի շաբաթ ունի` կամովին մեկ սեղանի շուրջ նստելու փաստաբաններ Բրայան Կաբատեկի, Մարկ Գիրագոսի եւ Ռոման Զիլբերֆելդի հետ, որոնք ներկայացնում են Եղիայանի շահերը: Եթե Գարդալյանը չհամաձայնի կամովին հանդիպել նրանց հետ, ապա Զիլբերֆելդն ասել է, որ կխնդրեն դատավորին, որպեսզի նա ցուցմունքներ տա դատարանում:

Ըստ Զիլբերֆելդի` անդորրագրերում գումարները տատանվում են 159-ից մինչեւ 200 հազար դոլարի միջեւ: Հաշվետվությունները ցույց են տալիս, որ ժառանգներն ստացել են շատ անդորրագրեր, բայց նրանցից մի քանիսին կանխիկ գումար այդպես էլ չի վճարվել:

«Ինչու են մարդիկ ստացել շատ անդորրագրեր, եթե, տեսականորեն, մեկը բավարար է: Երեւում է, միայն մեկ մարդ կա, որը կարող է մեզ պատմել ինչու է դա այդպես, եւ դա պրն Գարդալյանն է»,-ասել է Զիլբերֆելդը:

Երեքշաբթի Գարդալյանը հեռախոսով ասել է, որ հանդիպման վերաբերյալ ոչ ոք իր հետ չի կապվել:

Նշենք, որ մի քանի տարի առաջ «New York Life Insurance» եւ «Axa» ընկերությունները պայմանավորվեցին  ստեղծել առանձին հիմնադրամ` 37,5 մլն դոլար գումարով,  որի միջոցով իրենք պետք է վճարեին 1875 եւ 1923թթ. ընկերություններում պոլիսներ ունեցած Հայոց  ցեղասպանության զոհերի ժառանգներին:

Գիրագոսը, Կաբատեկը եւ Եղիայանը այդ կոլեկտիվ հայցի համատեղ փաստաբաններն էին:

Մոտ 100 անձի դեռ պետք է վճարեն հիմնադրամի միջոցներից, ասել է Կաբատեկը` նշելով, որ  հենց ինքն ու Գիրագոսն են  իմացել լրացուցիչ  2,5  մլն դոլարի մասին եւ գտել դեռեւս վճարում չստացած դիմումատուների: