Թուրքիան համառորեն հեռանում է ԵՄ արժեքներից եւ չափանիշներից։ Եվրախորհրդարանը չի կարող աջակցել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունների վերսկսմանը, զգուշացրել են եվրապատգամավորները։
Թուրքիայի վերաբերյալ զեկույցում, որն ընդունվել է 448 ձայնով, Եվրախորհրդարանի պատգամավորները զգուշացնում են, որ չնայած Թուրքիայի բազմաթիվ պնդումներին, թե ինքը ձգտում է դառնալ ԵՄ անդամ, երկիրը հետեւողականորեն հետ է կանգնել իր պարտավորություններից վերջին երկու տարիների ընթացքում:
Զեկույցում նշվում է Թուրքիայում մարդու իրավունքների իրավիճակի շարունակական վատթարացումը։ Եվրախորհրդարանի պատգամավորները ցավում են քաղաքացիական հասարակության եւ իրավապաշտպանների, իրավաբանների եւ լրագրողների վրա շարունակվող իրավական եւ վարչական ճնշումների համար: Նրանք Եվրահանձնաժողովին կոչ են անում բավարար ֆինանսավորում ապահովել Թուրքիայում ժողովրդավարական ջանքերի համար:
Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում Թուրքիայի կառավարությանը բարեխղճորեն դիտարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի եւ Շվեդիայի դիմումները, զերծ մնալ գործընթացում անհարկի ճնշում գործադրելուց: Ներկա ծանր հանգամանքներում կարեւոր է, որ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները գործեն շրջահայաց եւ արագ վավերացնեն երկու երկրների անդամակցության արձանագրությունները, շեշտում են նրանք:
«Այս դժվարին ժամանակներում արժեքներն ու սկզբունքները, որոնք հիմնված են ԵՄ անդամակցության ցանկացած գործընթացի հիմքում, չեն կարող երկրորդական լինել աշխարհաքաղաքական որեւէ հանգամանքի համար։ Ահա թե ինչու խորհրդարանը եւ ես հուսով ենք, որ ԵՄ բոլոր կառույցները չեն լռի, երբ բախվենք Թուրքիայի ներկայիս ավտորիտար պարույրին»,- ասել է Թուրքիայի հարցով զեկուցող Նաչո Սանչես Ամորը։





























