Ադրբեջանցի պաշտոնյաներն սկսել են մեկը մյուսի դեմ ամբաստանագրեր գրել, հաղորդում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը` նշելով, որ վերջերս Կաշառակերության դեմ պայքարի վարչությունը մեծաքանակ բողոք-դիմումներ է ստացել տարբեր պաշտոնյաներից:
Աղբյուրը հայտնում է, որ անստորագիր դիմումների մեջ շատ լուրջ փաստեր են արձանագրված, եւ դա պետք է ընդունել որպես ներիշխանական պայքար սկսելու ազդակ:
Վերջին շրջանում ակնհայտորեն զգացվում է ներիշխանական խմբավորումների միջեւ հակասությունների աճ, հայտնում է «Պոլիգոնը»` մասնավորապես նշելով, որ արդեն որերորդ թերթի որերորդ հոդվածում պաշտոնյաներն իրար դեմ են գրում: Ըստ էության, որոշակի մի գործընթաց է սկսվել, եւ ակնհայտ է դառնում, թե ով ում դեմ է գործում:
«Իշխանական ճամբարի ներսում դրությունը կարող է էլ ավելի վատթարանալ, որովհետեւ եթե Կաշառակերության դեմ պայքարի վարչությանը հասցեագրված դիմումները չեն ներկայացվում հասարակությանը, ապա թերթերի հոդվածները մեծ խառնաշփոթ կարող են ստեղծել: Կան այնպիսի հոդվածներ, որոնք ներիշխանական ճգնաժամի կարող են հանգեցնել: Խոսքը իշխանական մի խումբ ուժերի կողմից մեծաքանակ ֆինանսական միջոցների յուրացման մասին է»,-գրում է աղբյուրը եւ հավելում, որ Կաշառակերության դեմ պայքարի վարչությունը տարբեր աղբյուրներով ստուգում է ստացված տեղեկությունները: «Այս ճանապարհով իշխանությունները ցանկանում են ազատվել ներքին «գործ տվողներից» եւ միաժամանակ ապահովել իրենց մենատիրական դիրքերը»,-եզրակացնում է «Պոլիգոնը»:


























