Վաշինգտոնի վարչակազմը երբեք չի ձգտել խզել հարաբերություններն Էր Ռիյադի հետ, այլ ցանկացել է փոխել դրանք՝ ուշադրությունը կենտրոնացնելով Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների պաշտպանության կարեւորության վրա։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը CNN-ի իսպանալզեու ծառայությունում լրագրողների հետ հարցազրույցում, տեղեկացրել է պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
«Սաուդյան Արաբիայի դեպքում մենք վարչակազմի աշխատանքի ամենասկզբից ասում էինք, որ ջանում ենք վերափոխել, այլ ոչ թե խզել մեր հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ, որպեսզի դրանք նախկինից ավելի լավ արտացոլեն մեր սեփական շահերը եւ արժեքները։ Դրա տարրերից մեկն այն էր, որպեսզի կարեւոր դեր հատկացվի մարդու իրավունքներին եւ ազատություններին»,- ասել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ պատասխանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ թագավորություն այցելելու հնարավորության մասին հարցին։
Բլինքենը հիշեցրել է, որ ԱՄՆ իշխանություններն ավելի վաղ հրապարակել էին զեկույց լրագրող Ջամալ Խաշոքիի սպանության մասին 2018թ., ինչպես նաեւ միջոցներ էին ձեռնարկել սպանությանը հանցակից սաուդյան մի շարք պաշտոնական անձանց դեմ։ ԱՄՆ պետքարտուղարը փաստել է, որ Վաշինգտոնի եւ Էր Ռիյադի հարաբերությունները «բազմաթիվ շահերի են վերաբերում»։ «Մենք ձգտում ենք հաշվի առնել դրանք բոլորը, որպեսզի դա լավագույն ձեւով արտացոլի մեր շահերն ու արժեքները։ Բայց նախագահը հստակ հասկացրել է, որ անկախ այն բանից՝ արդյոք խոսքը վերաբերում է Սաուդյան Արաբիային կամ ամբողջ աշխարհում այլ գործընկերների, թե հակառակորդներին, մենք հետեւելու ենք, որպեսզի մարդու իրավունքները լիովին արտացոլվեն մեր արտաքին քաղաքականությունում»,- ավելացրել է Բլինքենը։
Բայդենն անցած շաբաթ չէր բացառել, որ մոտ ժամանակներս կայցելի Սաուդյան Արաբիա, բայց ճշտել էր, որ վերջնական որոշում դեռ չի ընդունել։ Ավելի վաղ The New York Times թերթը տեղեկացրել էր հունիսին Բայդենի՝ Սաուդյան Արաբիա այցելության եւ թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ հանդիպման որոշման մասին։ Պարբերականի տեղեկատվությամբ՝ պետության ղեկավարը մտադիր է վերականգնել հարաբերությունները երկու երկրների միջեւ, որոնք սրվել էին Խոշաքջիի սպանությունից հետո։ The New York Times-ի գնահատականով՝ այցը, եթե այն կայանա, նվիրված է լինելու նավթի գների իջեցման փորձերին՝ Ուկրաինայում ռազմական գործողության պաճառով Ռուսաստանին մեկուսացնելու Վաշինգտոնի ձգտման ֆոնին։



























