ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակ նիտում լսել է Սիրիայի վերաբերյալ զեկույցը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, զեկույցի տվյալներով, այդ երկրում անկարգությունների սկսելուց ի վեր սպանվել է մոտ 2 հազար մարդ, 13 հազարը ձերբակալվել են, տասնյակ հազարավոր մարդիկ փախել են հարեւան Թուրքիա:
«Վեստին» մեջբերում է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Ֆիլիպ Փարհեմին. «Սիրիայի կառավարությունը պետք է դադարեցնի բռնությունները, սպանություններն ու զանգվածային ձերբակալությունները: Մենք եւս մեկ անգամ վճռկանորեն կոչ ենք անում Բաշար Ասադի ռեժիմին ականջալուր լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ միջազգային հանրության պահանջներին»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է համոզիչ ձեւով կոչ անել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հրաժարական տալ, հաղորդել է CNN-ը` վկայակոչելով օգոստոսի 9-ին ԱՄՆ նախագահի վարչակազմի աղբյուրներից ստացված տեղեկությունները: Այդ մասին հայտարարվելու է մոտակա օրերին, երբ ԱՄՆ-ի պաշտոնական դեմքերը իրենց մտադրությունը քննարկեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչների հետ:
Արդեն մի քանի օր է, ինչ քննարկվում է այն հարցը, թե արդյոք անհրաժե՞շտ է ուղիղ ձեւով կոչ անել Ասադին հեռանալ:
Աղբյուրի տեղեկություններով, Սպիտակ տունը մեծապես հակված է կոչ անելու Ասադին հեռանալ, սակայն Պետքարտուղարությունն առավել զուսպ է վերաբերում այդ գաղափարին, քանզի դրա հետեւանքները անհայտ են:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը փաստացի մեղադրել է Ասադին 2000 մարդու մահվան մեջ: Նրա խոսքով, Սիրիայի կառավարության կողմից իր դեմ ուղղված բողոքի ակցիանների ռազմական ճնշման ընթացքում զոհերի թիվը հասել է 2000-ի:
Նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմի ընդդիմադիրների գլխավոր հենակետերից մեկում` Համ քաղաքում, վերջին օրերի ընթացքում մոտ 100 մարդ է զոհվել: Քլինթոնը կրկնել է նախկինում հնչեցված դիրքորոշումն այն մասին, որ, Միացյալ Նահանգների կարծիքով, ալ-Ասադը կորցրել է իր լեգիտիմությունը: «Այս շաբաթ մենք տեսանք, որ ալ-Ասադի վարչակարգը ուժեղացնում է իր ժողովրդի դեմ ուղղված ագրեսիան»,-հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարը: Նրա խոսքով, ԱՄՆ-ը եւ դաշնակից երկրները փորձում են ուժեղացնել Սիրիայի վրա ճնշումը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը պահանջող բողոքի մասսյական ակցիաները սկսվել են 2011 թ. մարտ ամսից:




























