Հայաստանյան երկու լրատվամիջոցներ` NEWS.am-ն ու «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթը պարգեւատրվել են ՌՈՒՍԱԼ միացյալ ընկերության կազմակերպած «Մեկ օր արհեստավարժի կյանքից» մրցույթի դիպլոմներով` բանվորական մասնագիտությունների եւ սոցիալական ոլորտի աշխատողների մասին հրապարակած լավագույն նյութերի համար:

Ընդհանուր առմամբ, մրցույթին ներկայացված է եղել մոտ 300 աշխատանք Ռուսաստանի ավելի քան 20 տարածաշրջաններից եւ ԱՊՀ երկրներից: Առաքված նյութերը գնահատում էր մրցատյանը, որի կազմի մեջ էին «Իտոգի» հանդեսի  մեկնաբան Անդրեյ Վանդենկոն, ՆՏՎ հեռուստակայանի տեղեկատվական  ծրագրերի ղեկավար Ալեկսեյ Պիվովարովը, ՌՈՒՍԱԼ-ի տնօրենների խորհրդի անդամներ` ընկերության գլխավոր տնօրենի տեղակալներ  Ալեքսանդր Լիվշիցը եւ Վերա Կուրոչկինան:

Մրցույթի հաղթողներ են հռչակված լրագրողները Սիբիրի տարածաշրջանից, որտեղ տեղակայված են ՌՈՒՍԱԼ-ի ալյումինի խոշորագույն գործարանները: Ժյուրին բարձր է գնահատել նաեւ Հայաստանի ներկայացուցիչների աշխատանքները, որոնք միակն էին Ռուսաստանի տարածքից դուրս, որ ստացան դիպլոմներ:

Մեր հանրապետությունից մրցույթին ներկայացվել էր շուրջ 20 հոդված`տպագրված թերթերում, գործակալությունների կայքերում եւ հեռարձակված Երեւանի եւ Վանաձորի ռադիոեթերով: Ժյուրիի անդամները հատկապես բարձր են գնահատել «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի ակտիվությունը եւ կոշկակար հայ վարպետների խնդիրներին նվիրված ինքնատիպ հոդվածը, որ գրվել էր լրագրող Սամվել Ավագյանի կողմից` NEWS.am լրատվական գործակալությունից:

Ժյորիի անդամ ՌՈՒՍԱԼ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վերա Կուրոչկինան նշել է. «Մենք հաճելիորեն զարմացած էին այն արձագանքով, որ առաջացրեց մեր մրցույթը, եւ այն հեղինակների քանակով, որոնք մասնակցեցին: Մենք` մրցատյանի անդամներս, դժվարություն կրեցինք հաղթողներին որոշելիս, քանզի մրցույթին ներկայացված նյութերի որակը հույժ բարձր էր, եւ նյութերն ինքնին առանձնանում էին ոչ միայն մասնագիտական մոտեցմամբ, այլեւ բացառիկ անկեղծությամբ եւ աշխատանքի մարդկանց հանդեպ անթաքույց հիացմունքով»:

«Մեկ օր արհեստավարժի կյանքից» մրցույթի նպատակն էր հանրության ուշադրությունը բեւեռել աշխատանքի մարդկանց հանդեպ, բարձրացնել բանվորների եւ այլ սոցիալապես նշանակալի մասնագիտությունների վարկը, մասնագիտական զարգացման հանդեպ կողմնորոշում ձեւավորել, երիտասարդությանը խթանել ձեռք բերելու հանրության համար պահանջարկված մասնագիտություններ: