Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, որտեղ անցած աշնանը եւ այս գարնանը ցանվել են ՌԴ-ից ներկրված եւ սոցիալապես անապահով մարդկանց տրամադրված աշնանացան ցորենի, գարնանացան գարու առաջին վերարտադրության եւ էլիտար սերմերի տեսակներ, արդյունքը սպասվածից գոհացուցիչ է: Այս մասին նշվել է օգոստոսի 10-ին Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ այցելության ժամանակ:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սերգո Կարապետյանին ուղեկցել են գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, ՀՀ ֆերմերների ազգային միության նախագահ Ռոզա Ծառուկյանը:

Նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ անցած աշնանը ՀՀ կառավարության կողմից սերմերի արտադրության կազմակերպման նպատակով խոշոր ֆերմերային տնտեսությունների տրամադրված ցորենի ցանքատարածություններից աննախադեպ բարձր բերք է սպասվում` հեկտարից մինչեւ 65-75 ցենտներ: Բարձր բերք է սպասվում նաեւ գարու էլիտար սերմացուի արտերից:

«Ուղղակի չեմ կարող չարտահայտել հիացմունքս, քանի որ վերջին տարիներին հացի շտեմարան հանդիսացող Մասրիկի հարթավայրում կամ Վարդենիսի տարածաշրջանում միջին բերքատվությունը չի գերազանցել 20-25 ցենտները: Հիմա բարձրորակ հացահատիկի սերմերի ցանքի եւ բերքատվության պարագայում արդեն միջին բերքատվությունը կարելի է այստեղ ակնկալել երեսուն ցենտներից ավելի: Սրանով նաեւ լուծվում է տարածաշրջանի սերմաթարմացման խնդիրը, եւ նախադրյալներ են ստեղծվում հացաբույսերի, մասնավորապես ցորենի ցանքերի ընդլայնման համար: Ֆերմերային տնտեսությունները բարձրորակ ցորենի սերմացու ստացել էին մեկ կիլոգրամի դիմաց երկու կիլոգրամ վերադարձնելու պայմանով. դա մենք թողնելու ենք Գեղարքունիքի մարզին սերմաթարմացում ապահովելու եւ նոր տնտեսություններին օժանդակելու ակնկալիքով»,- ասել է նախարարը:

Գեղարքունիքի մարպետ Նվեր Պողոսյանը նշել է, որ վերարտադրված բարձրորակ սերմացուն կբաշխվի ինչպես խոշոր ֆերմերային տնտեսություններին սերմերի վերարտադրություն կազմակերպելու, այնպես էլ մեկից մինչեւ երեք հեկտար հողատարածքներ ունեցող առանձին կարիքավոր տնտեսություններին օժանդակության նպատակով: Արվելու է հնարավորը, որ առաջիկա տարիների ընթացքում մարզի տնտեսությունները ոչ միայն ամբողջապես ապահովված լինեն բարձրորակ ցորենի սերմնատեսակներով, այլ նաեւ հացահատիկի ցանքերը մարզում էապես ավելանան այսօրվա 42 հազար հեկտարից հասնելով մինչեւ 73 հազարի:

Նախարար Սերգո Կարապետյանը հավելել է, որ առաջիկա երեք տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը կշարունակի Ռուսաստանի Դաշնությունից բարձրորակ հացաբույսերի ներկրումը եւ բաշխումը Գեղարքունիքի մարզի երկրագործական տնտեսություններին:

Օրվա վերջում Սերգո Կարապետյանը մարզպետ Նվեր Պողոսյանի ուղեկցությամբ եղել է նաեւ Դպրաբակ գյուղում` ծանոթանալու այստեղ բնակվող փախստական ընտանիքի բնակարանային հարցի լուծման խնդրին: