Արագածոտնի մարզի Ուշի գյուղի բնակիչներին պատկանող խոշոր եղջերավոր կենդանիների մոտ ախտորոշվել է պաստերելյոզ հիվանդություն:

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հիվանդության գրանցման առաջին դեպքից առ այսօր 4 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ ենթարկվել են հարկադիր սպանդի, որոնց մոտ առձանագրվել են հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններ: Հիվանդության դեպքի գրանցման անմիջապես հաջորդ օրը, համայնքի անասնաբույժի կողմից իրականացվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Հիվանդներին ներարկել են իմուն շիճուկ, իսկ պայմանական առողջները ենթարկվել են հակապաստերելյոզային պատվաստման, իրականացվել է տարածքի  ախտահանում: Այդ միջոցառումներից հետո մինչ այժմ հիվանդության նոր դեպքեր չեն արձանագրվել: Պաստերելյոզ հիվանդության նկատմամբ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է խիստ հսկողություն:

Պաստերելյոզը գյուղատնտեսական, վայրի կենդանիների եւ թռչունների վարակիչ հիվանդություն է: Վարակը կարող է փոխանցվել օդակաթիլային ճանապարհով, համատեղ պահվածքի դեպքում կերի եւ ջրի միջոցով, վնասված մաշկի միջոցով:

Խոշոր եղջերավոր կենդանիների մոտ այն ընթանում է հիմնականում սուր, հազվադեպ ենթասուր ձեւերով: Այս հիվանդության ժամանակ առավել հաճախ ախտահարվում են թոքերը: Գաղտնի շրջանը տեւում է 6-48 ժամ: Հիվանդության առաջին ախտանշաններն են` մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում մինչեւ 40 աստիճան եւ ավելի, ընդհանուր թուլություն, ծանր շնչառություն, հաճախակիացած զարկերակ, մկանային դող, ախորժակի լիառժեք բացակայություն: Պաստերելյոզից կենդանու անկման հավանականությունը կազմում է 10-75 տոկոս, կախված նրա օրգանիզմի դիմադրողականությունից, հիվանդության ընթացքից եւ ժամանակին ստացած անասնաբուժական միջամտությունից: Հիվանդ կենդանիներից ստացված նմուշների բակտերիոլոգիական հետազոտությունները հնարավորություն են տալիս անսխալ ախտորոշել պաստերելյոզը: Կենդանիների լավ պահվածքը հանդիսանում է այս հիվադության դեմ պայքարի լավագույն միջոցը: Հիվանդ կենդանիներին անհրաժեշտ է մեկուսացնել, բուժել, իսկ նրանց գտնվելու վայրը` ախտահանել: