«Չեմ կարծում, որ կենտրոնական փողոցներում կրպակատարերի մեջ խեղճ մարդիկ կան»,-այսօր` օգոստոսի 11-ին, կառավարության նիստում արդարացել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, երբ վարչապետը պահանջել է պարզաբանումներ կայացնել կրպակների ապամոնտաժման շուրջ առաջացած դժգոհության վերաբերյալ:  Կարապետյանը նշել է, թե քաղաքապետարանը որւեէ պարտավորություն չունի նրանց առջեւ: 

«Ժամկետ կար, նրանք այդ ժամկետի մեջ իրենց բիզնեսը պետք է անեին, տեղավորվեին, մենք պարտավորություն չունենք այլընտրանք տալ կամ փոխհատուցում: Ինչ վերաբերում է այնտեղ աշխատող եւ սոցիալապես անապահով մարդկանց, հստակ հանձնարարական կա վարչական շրջանների ղեկավարներին, որ յուրաքանչյուրի հետ անհատական աշխատանք կատարեն` կամ աշխատատեղ տրամադրելով, հատուկ տեղ տրամադրելով կամ ֆինանսական փոխհատուցում»,- ասել է քաղաքապետը:

«Գույքագրվել են մայրաքաղաքի 3 հազար 395 կրպակներ, որոնցից 1180-ը չաշխատող, լքյալ կրպակներ են, դրանցից 912-ն արդեն այս տարվա ընթացքում ապամոնտաժվել են: Ենթակա են ապամոնտաժման չաշխատող 216 կրպակներ: Գույքագրվել են կենտրոնական փողոցներում առկա կրպակները` պարզելու օրինական գրանցում ունեցողները եւ անօրինականները: Գույքագրվել են եւ ապամոնտաժվում են կրպակները, որոնք արտաքին տեսքով, հետիոտններին խանգարելու եւ դրանց տակ կոմունիկացիաների առկայության առումով խանգարում են քաղաքի բնականոն աշխատանքին: Չեն ապամոնտաժվում կրպակները, որոնք օրինական գրանցում ունեն: Իսկ օրինական գրանցում չունեցող կրպակները, որոնք մեր առջեւ սկզբունքային խնդիր չեն դնում եւ աշխատող են, մենք այդ մարդկանց եւս նեղություն չենք տալիս»,- վստահեցրել է քաղաքապետը:

Վարչապետն էլ իր հերթին ասել է՝ քաղաքացիներին պետք է տեղյակ պահել, որ աշխատող կրպակների զանգվածային փակում չի լինելու` սոցիալական լարվածություն թույլ չտալու համար. «Կցուցաբերվի անհատական մոտեցում, խիստ անհրաժեշտության դեպքում կրպակները կապամոնտաժվեն, եթե դրանք քաղաքային տնտեսության համար ստեղծում են խնդիր»:

Ի հեճուկս այս վստահեցմանը, կառավարության առջեւ բողոքի ցույց անող կրպակատարերի մեջ կային այնպիսիները, որոնք հավատացնում էին, որ իրենց կրպակը բակում է տեղադրված՝ փողոցից շատ հեռու, սակայն, քանդող բրիգադը եկել ու հրահանգել ապամոնտաժել:

«Ես թոշակառու եմ, տանն ունեմ անչափահաս երեխաներ, իմ կրպակը սեփականաշնորհված է: Ունեմ փաստաթուղթ, սակայն իմ կրպակը հանում են, փոխհատուցում էլ չեն առաջարկում, ասում են՝ վերցրա ու գնա»,- մեր թղթակցին դժգոհել է քաղաքացիներից մեկը:

Նշենք, որ բողոքի ակցիային մասնակցում էին նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները: