Աշտարակ քաղաքի Ղազար Փարպեցու 3-րդ փողոցի թիվ 4 տան մոտ, օգոստոսի 10-ին, ժամը 23:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երեկոյան ժամը 23:30-ին դեպքի վայր են Արագածոտնի մարզային փրկարար ծառայության աշխատակիցները:
Պարզվել է, որ «ՎԱԶ-21012» մակնիշի 10 ԼՕ 491 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, հարվածել ճամփեզրի երկայնքով ձգվող գազատարի հենասյանը եւ շրջվել:
Վթարի հետեւանքով վարորդ 23-ամյա Արտակ Պապյանն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ, մինչեւ փրկարարների դեպքի վայր հասնելը, բնակիչների ուժերով հոսպիտալացվել Աշտարակ քաղաքի հիվանդանոց: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Վթարի հետեւանքով վթարված գազատարից տեղի է ունեցել գազի արտահոսք, որը վերացվել է «1-04» ծառայության աշխատակիցների կողմից:



























