Որոշ ոչ պաշտոնական տվյալներով, Երեւանում կտրուկ ավելացել են բնակարանային գողությունները եւ փողոցում անցորդների դեմ հարձակումները: Փողոցային կողոպտիչների զոհերը հիմնականում կանայք են:
Երեւանի գրեթե բոլոր վարչական շրջանների բնակիչները դժգոհում են քաղաքի քրեածին իրավիճակից: Նրանցից մի քանիսը NEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեցին իրենց դժգոհությունն ու զայրույթը ստեղծված վիճակի համար:
«Առաջ մեր թաղամասի գլխավոր փողոցում ոստիկանության ջոկատն էր հսկողություն իրականացնում, որն արդեն երկար ժամանակ է չկա: Փոխարենը ամեն օր լսում ենք գողության կամ կողոպուտի մասին: Օրերս առավոտյան արթնացանք ուժեղ բղավոցից. Պարզվեց մի կին աշխատանքի գնալիս է եղել դատարկ բակով, երբ նրան է մոտեցել 18 տարեկան մի երիտասարդ, գողացել պայուսակն ու փախել»,- պատմում է NEWS.am-ի զրուցակիցներից մեկը, հավելելով, որ նմանատիպ մի պատմություն էլ լսել է իր գործընկերոջից, ով ապրում է նույն թաղամասում:
«Մեր մուտքում նաեւ բնակարան էին մտել ու գողություն կատարել: Համաձայնեք, որ երեք դեմք մեկ շաբաթում, իսկապես, շատ է»,-ասել է նա:
Ոստիկանությունում, իհարկե, համաձայն չեն գողությունների ու ավազակային հարձակումների թվի կտրուկ աճի մասին հնչող տեսակետի հետ: Այսպես, օգոստոսի 11-ին մամուլի ասուլիսում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել է հանցավորության որոշակի աճի մասին, սակայն հավելել է, որ աճել է նաեւ բացահայտման ցուցանիշը:




























