Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տարածաշրջան կայանալիք այցին ընդառաջ, նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության վերաբերյալ Իսրայելի  տեսակետները կիսող արաբական պետությունների հետ պետք է զարգացնեն ռազմական կարողությունները՝ Վաշինգտոնի հովանու ներքո, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը հուլիսին այցելելու է Իսրայել, օկուպացված Արեւմտյան ափ եւ Սաուդյան Արաբիա, ինչպես նաեւ մասնակցելու է Պարսից Ծոցի երկրների, Եգիպտոսի, Հորդանանի եւ Իրաքի ղեկավարների գագաթնաժողովին:

«Իրանի զինյալների դեմ ոչ միայն համագործակցություն է անհրաժեշտ, այլ նաեւ ԱՄՆ-ի գլխավորությամբ տարածաշրջանային ուժերի համախմբում, ինչը կուժեղացնի ներգրավված բոլոր կողմերին»,- ասել է Գանցը`հավելելով, որ նրանք այս ուղղությամբ մշտական քայլեր են ձեռնարկում`հանուն Իսրայելի քաղաքացիների անվտանգության:

Սաուդյան Արաբիան, իր հերթին, հայտարարել է, որ սատարում է «Աբրահամյան համաձայնագրերին», ըստ որի Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Բահրեյնը երկու տարի առաջ հարաբերություններ են հաստատել Իսրայելի հետ։ Սակայն Էր Ռիադը պաշտոնապես չճանաչեց Իսրայելը։