Ադրբեջանական կողմը կրկին մոռանում է ԼՂ բանակցությունների հիմքում ընկած դրույթների մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը, մեկնաբանելով Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Մուբարիզ Գուրբանլիի հայտարարությունը` օգոստոսի 9-ին Սոչիում Մեդվեդեւի-Ալիեւ հանդիպման մասին:
Իր մեկնաբանությունում Գուրբանլին հայտարարել էր, որ միջազգային հակամարտությունների կարգավորման ժամանակ գլխավորը տարածքային ամբողջականության եւ երկրների ինքնիշխանության սկզբունքն է:
Կարեն Ավագյանի խոսքով, հայկական կողմը բազմիցս հիշեցրել է որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում միջնորդների կողմից առաջարկվող տարբերակում համահավասար են երեք սկզբունքները` տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում:
«Ես ցավում եմ, որ մեր հարեւան երկրում որոշակի պաշտոններ են զբաղեցնում անիրազեկ մարդիկ եւ կրկնակի ցավում եմ, որ երկար բանակցային գործընթացից, նախագահների, նախարարների, համանախագահների հանդիպումներից հետո, ադրբեջանական կողմը կրկին մոռանում է այդ մասին, առաջ քաշելով նման մեկնաբանություններ»,- ասել է Ավագյանը:
«Չփորձելով խոսակցությունը իջեցնել այն մակարդակի, որպիսին հնչել է Գուրբանլիի կողմից, այդուհանդերձ, ես նրան խորհուրդ կտայի ուշադրություն դարձնել իրենց երկրում ժողովրդավարության մակարդակին, ներքաղաքական իրավիճակին եւ սահմանափակվել այդքանով»,- ասել է նա:
ՀՀԿ-ական պատգամավորը հույս է հայտնել, որ ապագայում ադրբեջանական կողմը կառուցողական քաղաքականություն կորդեգրի: «Բաքվի համար արդեն ավանդույթ է դարձել համաձայնել բոլոր պայմաններին ու չափորոշիչներին, այնուհետեւ բոլորովին այլ բովանդակության հայտարարություններ անել»,- հավելել է նա:




























