Հայաստանի տնտեսության զարգացումը սկբունքորեն կախված չէ ԼՂ խնդրի կարգավորումից:  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, մեկնաբանելով Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Մուբարիզ Գուրբանլիի հայտարարությունը օգոստոսի 9-ին Սոչիում Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպման վերաբերյալ: Իր հայտարարության մեջ Գուրբանլին ասել էր, թե միջազգային հակամարտությունների կարգավորման հարցում դոմինանտը տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սկզբունքն է: Նա անդրադարձել էր նաեւ Հայաստանի տնտեսությանը, նշելով, որ ՀՀ տնտեսությունն ամբողջությամբ կործանված է, իսկ հակամարտության կարգավորումը թույլ կտար միջազգային նախագծեր իրականացնել Հայաստանում:

Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, անկախ նրանից, թե այսօր Հայաստանում տնտեսական ոլորտում ինչ սխալներ են արվում, ոչ մի հիմք չկա պնդելու, թե վաղը տնտեսական քաղաքականությունը չի կատարելագործվի եւ երկրի զարգացման համար նոր ուղղություններ չի բացի:

«Հայաստանի տնտեսական զարգացումը բոլորովին էլ կախված չէ Ադրբեջանի «բարի կամքից»,- ասել է Մարտիրոսյանն ու հավելել. «Պետք է հիշեցնել, որ ԼՂ խնդրի կարգավորումը հակասության մեջ չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հետ: Ադրբեջանը որպես պետություն ձեւավորվել է 1918 թվականին եւ Ղարաբաղը թե’ մինչ այդ, թե’ դրանից հետո նրա կազմում չի եղել: Խորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանական ԽՍՀ կազմում էր որպես ինքնավար մարզ, ինչը ենթադրում էր ինքնակառավարում»:

ԼՂՀ-ին հարակից ազատագրված տարածքները, որոնք Ադրբեջանն անվանում է օկուպացված, ԼՂՀ-ին են անցել միայն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով:

«Չհեռանալով ապակառուցողական հռետորությունից, ադրբեջանական կողմը չի ցանկանում հաշտվել իրականության հետ, այդ թվում իրավական: ԼՂ-ն ունի լիարժեք իրավական փաթեթ, որպեսզի ճանաչվի որպես անկախ պետություն, ինչը վաղ թե ուշ տեղի է ունենալու: Ադրբեջանը պետք է հաշտվի այն փաստի հետ, որ ազատագրական պայքարների հետեւանքով առաջ են գալիս նոր պետություններ, օգտագործելով ինքնորոշման իրավունքը: Դրա վկայություն է Լեռնային Ղարաբաղը, որը տարածաշրջանի ամենաժողովրդավարական երկրներից մեկն է եւ որը չի կարող իրեն պատկերացնել խանական Ադրբեջանի կազմում»,- ամփոփել է Մարտիրոսյանը: