Լոնդոնում սկիզբ առած զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ կասկածվող կալանավորվածների թիվն անցել է հազարից, հայտնում է Սքոթլանդ Յարդը:

Օգոստոսի 11-ի երեկոյան տվյալներով, կալանավորվել է 1009 մարդ, 464-ի նկատմամաբ արդեն մեղադրանք է առաջադրվել:

Տարերային հուզումների մասնակիցների հետ բախումների հետեւանքով տուժել է, ընդհանուր առմամբ, 186 ոստիկան:

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը, կիսատ թողնելով ամառային արձակուրդները, օգոստոսի 11-ին արտահերթ նիստ է գումարել:

Բիրմինգհեմում 3 մարդու մահվան առնչությամբ հետաքննություն է սկսվել, որոնք վրաերթի են ենթարկվել, երբ փորձել են վանդալներից պաշտպանել իրենց սեփականությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 10-ին բրիտանական Guardian-ը հայտնել է, որ անկարգությունների հետեւանքով կալանավորվածների թիվը հասել է 1335-ի: Նրանցից 768-ը կալանավորվել են Լոնդոնում եւ նրան հարակից տարածքներում, 167-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: 300 մարդ կալանավորվել է Մանչեսթերում:

Լոնդոնի հյուսիսում գտնվող դատարանում նիստը շարունակվել է ողջ գիշեր: Պաշտպաններից մեկի խոսքով, ձերբակալվածներով լի երեք ֆուրգոն դատարանի բակում սպասելիս են եղել իրենց հերթին, քանի որ ժամանակավոր պահման խցերը լիքն են եղել:

Օգոստոսի 10-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են ցանկացած միջոցի դիմել, որպեսզի վերջ տան բռնություններին:

Նշենք, որ զանգվածային անկարգությունները Մեծ Բրիտանիայում սկսվել են օգոստոսի 6-ին Թոթենհեմում բողոքի խաղաղ ցույցից հետո, երբ մի քանի հարյուր մարդ բողոքում էր ոստիկանի կողմից սեւամորթ Մարկ Դագանի սպանության դեմ:

Բողոքի ցույցը վերաճել էր ջարդարարության եւ այժմ տարածվել է Լոնդոնի այլ շրջաններում եւ մի քանի այլ քաղաքներում: