Թերթը գրում է, որ Հայաստանում չկա օրենքի որեւէ կետ, որ ոստիկանին իրավունք է տալիս մոտենալ շան հետ զբոսնող քաղաքացուն եւ նրանից պահանջել դնչկալ հանգցնել հանգիստ զբոսնող շանը: Կարող են լինել քաղաքացիներ, ովքեր կասեն, թե անկախ օրենքից, ոստիկանների այդ պահանջը ճիշտ է: Բայց, օրինակ, իմ ունեցած շունը Հայաստանի շատ ու շատ ոստիկաններից, այդ թվում եւ` բարձրաստիճան, մարդասեր է ու հանդուրժող, ոմանցից` նույնիսկ խելոք:Այդ շանը ինչու պիտի դնչկալ հագցնեմ: Եվ հետո, կրկնում ենք, ոստիկանի պահանջը պետք է օրենքով հիմնավորված լինի, թե չէ` կարող են ցանկացած տիպի պահանջ ներկայացնել` սկսած հագուկապից, վերջացրած երեխաների ձեռքերը կապելուց, որ հանկարծ անցորդների վրա քար չշպրտեն:
Փաստն այն է, սակայն, որ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները եւս մեկ անգամ արձանագրեցին, որ իրենք չեն տիրապետում օրենքներին, եւ իրենց միակ օրենքը բեսպրեդելն է: Ինչ վերաբերում է դնչկալների նկատմամբ նրանց հատուկ հակմանը, չեմ բացառում, որ ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյա մեծ խմբաքանակ դնչկալ է ներկրել Հայաստան, եւ հիմա դրանք իրացնելու խնդիր է առաջացել: Ի դեպ, դնչկալ կրելու պարտավորություն, ՀՀ օրենքով, հենց ոստիկաններն ունեն, ավելի ճիշտ` նրանց շները: Շներով պարեկող ոստիկանները հասարակական վայերում պարտավոր են իրենց շներին դնչկալ հագցնել, որովհետեւ ոստիկանական շները ագրեսիվ են եւ անուղեղ:




























