Շրջանառվող խոսակցությունների համաձայն` ՀՀ ոստիկանության ՔՀՎ նախկին պետ Հովհաննես Թամամյանին բերման ենթարկելուց հետո, հատկապես, դատաիրավական ոլորտը, ասում են, լուրջ ահ ու սարսափի մեջ է աշխատում: Եվ եթե նախկինում ոլորտի պատասխանատուները կարողանում էին օրենքի կետերի ու ենթակետերի մեջ «լող» տալ` փորձելով այս կամ այն գործի շրջանակներում ընդգրկել նաեւ մեղմացուցիչ հանգամանքների առկայությունը, ապա հիմա իրավիճակը բոլորովին այլ է. ցանկացած քր. գործի դեպքում, որն, իհարկե, մինչեւ վերջ պետք է տարվի, եւ որտեղ ձեռքեր չեն խառնվել, կայացվում է ծայրաստիճան խիստ որոշում, որպեսզի վերին իշխանություններին ապացուցեն, որ ամեն բան իր ճիշտ տեղում է, եւ ոչ ոք չի խնայվում:
Ընդ որում` նորից խոսք է գնում այն մասին, որ դատախազական որոշ շրջանակներ այս օրերին լծված են ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի` Ալրաղացի Լյովին նույնպես խստագույնս պատժելու ու նրան իր «տեղը» ցույց տալու գործին, ինչի դեմ, նույն լուրերի համաձայն, դիմադրում են Ալրաղացի Լյովի ՀՀԿ-ական քաջարի «ախպերներից» մի քանիսը:




























