Օգոստոսի 11-ին Էստոնիայի Պաշտպանության նախարարությունում կրակ բացած, ապա սպանված Կարեն Դրամբյանը 2009-ի Եվրախորհրդարանի ընտրություններից առաջ Slavia.ee կայքում «Եթե թանկ է քեզ քո տունը…» վերնագրով հոդված էր հրապարակել:

DELFI-ն հրապարակել է հատվածներ այդ հոդվածից:

«Բարոյական անկումը մեր հասարակության վերջին տարիների ամենամեծ ցնցումն է: Դեմագոգիան, փոխադարձ ատելությունը, հանցավոր կլանների իշխանությունը, սերունդների բախումը, սոցիալական ապատիան մամուլի ամենօրյա թեմաներն են եւ չեն կորցնում հրատապությունը»:

«Մեր ամենամեծ թշնամին մեր Էգոն է, ստրուկի մտածողությունը, կոլեկտիվ եւ գիտակցական ինքնաբացարկը մեզ համար խնդիրների ստեղծող որոշումներից: Մենք ներփակվել ենք մեր միջավայրում ու եփվելով մեր մեջ, համակերպվել ենք էստոնական պետությանը զուգահեռ աշխարհին: Ստրուկների նման մենք ատել ենք մեզ հալածողներին, ձեռք ենք մեկնել կարեկցողներին: Մենք լռել ենք, երբ մեզ անվանել են անանցյալ բռնազավթիչներ եւ ենթարկվել ենք, երբ երեք կաշի են քերթել` տալով ընդամենը կյանքի իրավունք: Մեզ ստիպել են պատասխան տալ ուրիշների մեղքի համար, ապրել տիտղոսային ազգի դիմաց ունեցած մեղքի մշտական զգացումով, եւ մենք ենթարկվել ենք: Մենք հազար պատճառ ենք գտել ընտրությունների չգնալու համար»:

«Ակնհայտ է, որ էստոնական կառավարությունն արդեն ընտրել է քաղաքացիական պատերազմը: Կարեւոր չէ, թե ինչ տեսք կունենա ընթացքը, բայց այն կուղեկցվի արյան գետերով, քրեական ապակայունացմամբ եւ թշվառությամբ: Այսօր պատրանքների կործանման ժամանակաշրջան է: Արթնացած եւ ազատագրված բանականությունը պետք է սկսի իր հաղթական երթը, պայքարը սահմանադրական իրավունքների, անձի ազատության, ժողովրդավարական եւ բազմազգ հասարակության համար»:

Հիշեցնենք, որ Դրամբյանը օգոստոսի 11-ի, Երեւանի ժամանակով 18:00-ին ներխուժել է Էստոնիայի Պաշտպանության նախարարություն եւ կրակ բացել: Ոչ ոք չի տուժել: Դրանից հետո Դրամբյանն ինքնասպան է եղել: Հարուցվել է քրեական գործ: Դրամբյանի գործողության շարժառիթն առայժմ հայտնի չէ: Ահաբեկիչը ոչ մի քաղաքական պահանջ չի ներկայացրել:

Շատ լրատվամիջոցներ Դրամբային արդեն անվանել է «էստոնական հրաձիգ»` «նորվեգական հրաձիգ» Անդերս Բրեյվիկի օրինակով: Բրեյվիկն ահաբեկչությունից առաջ գրել եւ հրապարակել էր «Անկախության եվրոպական հռչակագիրը»: Ահաբեկիչը քննադատել էր մուլտիկուլտուրալիզմը, առաջարկել Եվրոպայից ոչ եվրոպացիների վտարման մանրամասն ծրագիր: