Այսօր` օգոստոսի 12-ին Երիտասարդության միջազգային օրն է: Այդ կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի’ երիտասարդներ, ի սրտե շնորհավորում ենք Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ Երիտասարդ մարդկանց գիտելիքներից, ձգտումներից, աշխատասիրությունից ու հայրենասիրությունից է կախված մեր հայրենիքի ապագան։ Այսօրվա երիտասարդությանը սպասվում է լրջագույն աշխատանք պետականության ամրապնդման, զարգացման, հասարակական նոր նվաճումների, պատմական հարուստ եւ մշակութային արժեքների պահպանման գործում։
Տարեցտարի մեծանում է երիտասարդության դերն ու ներգրավվածությունը երկրի ամենատարբեր ոլորտներում։
Մենք զորեղ ենք մեր երիտասարդներով, եւ մեզ համար մեծ հպարտություն է տեսնել, որ անկախության այս տարիներին մեծացել է երկրի, պետականության շուրջ համախմբվող հայրենասեր սերունդ։ Արագընթաց մեր ժամանակներում փոփոխությունները տեղի են ունենում անընդհատ, արագ ու անկանխատեսելի։ Եվ այս պայմաններում երիտասարդների դերը մեր հասարակությունում կտրուկ բարձրանում է, քանզի երիտասարդությունն է այն ուժը, որ կարող է արագ արձագանքել ցանկացած մարտահրավերի։ Երիտասարդությունը ճկուն ծրագրեր կազմելու, մեկ քայլ առաջ տեսնելու հնարավորություն է։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իր ծրագրերով ու գործունեությամբ մշտապես նեցուկ է կանգնելու մեր երիտասարդությանը՝ նրա ներուժն ու կարողություններն ուղղորդելով երկրի առանցքային խնդիրների լուծմանը։ Եվ այս ամենը կյանքի է կոչվում հանրապետության նախագահի՝ պետական երիտասարդական քաղաքականությանը ցուցաբերած հատուկ ուշադրության շնորհիվ։
Սիրելի’ երիտասարդներ, եւս մեկ անգամ շնորհավորում ենք Օգոստոսի 12-ի՝ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ եւ մաղթում հաստատակամություն՝ ձեր կյանքի կարեւորագույն նպատակներին հասնելու համար»:




























