ԵՄ-ի 4 երկրներում` Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում եւ Բելգիայում, արգելել են արժեթղթերի «կարճատեւ վաճառքի» հետ կապված օպերացիաները` նպատակ ունենալով սահմանափակել ֆոնդային շուկաներում աճող տատանողական կուրսերի շուրջ տարվող խաղերը, հաղորդում է BBC-ն: Որոշման մասին հայտարարել է Եվրամիության ֆինանսական շուկաների կարգավորիչ ESMA-ն:
Հիշեցնենք, որ «կարճատեւ վաճառքի» ժամանակ շուկայի մասնակիցները արժեթղթեր են փոխառում, այնուհետեւ ծախում են դրանք եւ որոշ ժամանակ անց հետ գնում: Կուրսի անկման դեպքում տարբերությունը հնարավորություն է տալիս եկամուտ ձեռք բերել:
Նշենք, որ վերջին մի քանի օրվա մեջ բանկերի բաժնետոմսերը լրջորեն տատանվել են, հատկապես Ֆրանսիայում, որտեղ տեղի բանկերն անհանգստացած են կապված հունական պարտքերի հետ, որոնք տեսանելի ապագայում չեն վերադարձվի: Երկրում մեծությամբ երկրորդ բանկի` Societe Generale-ի բաժնետոմսերը երեկվա ընթացքում բարձրացել է 8 տոկոսով, այնուհետեւ նույնքան էլ իջել է, իսկ սակարկումների վերջում` ավելացել 3 տոկոսով:
Ֆրանսիայի եւ Իսպանիայի ֆինանսական կարգավորիչները` AMF-ն ու CNMV-ն, 15 օրվա արգելք են դրել: Անհրաժեշտության դեպքում Իսպանիան պատրաստ է ընդլայնել ժամկետները:




























