Թուրք լրագրող Ալի Օսման Զորին, ում Ղրղըզստանի իշխանությունները մեղադրել են ահաբեկչության մեջ, գաղտնի տեղափոխել են Թուրքիա: Այդ մասին News-Asia-ին հայտնել է իրավապաշտպան Տոկտային Ումիտալիեւա:

Ազգային անվտանգության պետական կոմիտեն եւ Գլխավոր դատախազությունն իրենց որոշումը պատճառաբանել են միջազգային ինչ-որ համաձայնագրով, որը, սակայն, հրաժարվել են ճշգրտել:

Ումետալիեւայի տվյալներով, Ալի Օսման Զորը հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից արտաքսվել է օգոստոսի 2-ի գիշերը: Լրագրողը Թուրքիա է տեղափոխվել գիշերային չվերթով դատական նիստից հետո, որտեղ կալանքի տակ մնալու ժամկետը երկարագձվել էր 30 օրով:

«Կաիդա» ամսագրի խմբագրին օրինական չէին կարող հեռացնել երկրից, քանի որ եվրոպական այդ երկրի չվերթները միայն առավոտյան են իրականացվում, հաղորդում է «ՑենտրԱզիան»:

Ղրղըզստանի հատուկ ծառայությունները թուրքահպատակին ձերբակալել են երեք ամիս առաջ` մայիսի 2-ին, «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով: Այն ժամանակ լրագրողին որեւէ մեղադրանք չէր ներկայացվել:

Ձերբակալման պաշտոնական պատճառաբանությունը եղել է ժամանակավոր գրացման եւ Ղրղըզստանի տարածքում աշխատանքային գործունեությամբ զբաղվելու թույլտվության  բացակայությունը:  Ավելի ուշ` հունիսին, թուրք լրագրողը ստիպված էր հացադուլ հայտարարել, որը հանգեցրել էր առողջական վիճակի վատացման: Կայքի տվյալներով, հայրենիքում` Թուրքիայում, Ալի Օսման Զորը մի քանի տարի առաջ բանտ էր ընկել քաղաքական դրդապատճառներով (աշխարհիկ իշխանության տապալման փորձի համար), սակայն օրինակելի վարքի համար ազատվել էր վաղաժամ: