Բնակչության փոխանակումը թույլ կտա լուծել հայերի հարցը ազատագրված տարածքներում: Մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչության անդամ Վահան Շիրխանյանը: Նրա կարծիքով, իրավիճակի կառավարելիությունն այդկերպ ավելի բարձր կլինի, քան հակամարտության կարգավորման դեպքում, երբ հայկական կողմի ձեռքին կմնա միայն 10-կմանոց հատված Հայաստանի եւ Արցախի միջեւ:

Խոսելով տարածքային փոխանակման մասին, նա նկատել է, որ հայկական բնակչությունը կարող է վերադառնալ ԼՂ-ի այն տարածքներ, որոնք ներկայումս վերահսկվում են Ադրբեջանի կողմից` Շահումյանի եւ Գետաշենի, Մարտունիի շրջաններն ու Մարտակերտի շրջանի մի մասը:

«Իհարկե, կլինեն մարդիկ, որոնք չեն ցանկանա հեռանալ իրենց տներից, բայց, ընդհանուր առմամբ, առավել կառուցողական որոշումը հենց այս գաղափարն է»,- կարծում է Շիրխանյանը: Նա կարծում է, որ այդ գաղափարը կարող է արդարացնել իրեն նաեւ այլ տարածքային հարցերում:

«Օրինակ եթե հայտարարվի, որ Նախիջեւանը այսուհետ Հայաստանի մաս է, վստահ եմ, որ այնտեղ ապրող ադրբեջանցիները կցանկանան վերադառնալ իրենց հայրենիք` պայմանով, որ այնտեղ տուն եւ հող ստանան»,- կարծում է Շիրխանյանը: Նրա կարծիքով, գաղափարը պետք չէ ավելորդ ուտոպիստական համարել: «20 տարի առաջ մեզ համար ուտոպիա էր Ղարաբաղի ազատագրումը»,- կարծում է Շիրխանյանը: