Առաջիկա տարիներին Հայաստանի 6 մարզերի 55 գյուղերում կիրականացվեն արոտների բարելավման եւ արդյունավետ օգտագործման համալիր միջոցառումներ:

Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դա տեղի կունենա Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի շրջանակներում:

Այդ նպատակով 2011 թվականին Հայաստանի Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի 40 համայնքներում կազմակերպվել են շուրջ 80 հանդիպումներ ու ժողովներ, որոնցում քննարկվել են արոտների կառավարմանն ու անասնապահության զարգացմանը միտված համայնքային ծրագրեր, ինչպես նաեւ անցկացվել «Արոտօգտագործողների միություն» սպառողական կոոպերատիվների հիմնադիր ժողովներ:

Ծրագրի շրջանակներում կբարեկարգվեն արոտավայրերի ճանապարհները, կստեղծվեն կենդանիների ջրելատեղեր, անասնապահների կացարաններ, իսկ առանձին արոտակտորներում` կիրականացվեն էլեկտրամատակարարման եւ ֆերմերների կենցաղային պայմանների բարելավման աշխատանքներ: