Հայաստանում 20,5 տոկոսով կրճատվել է ծնելիությունը: 2011թ. առաջին կիսամյակում ծնվել է 5359 երեխա, իսկ 2010 թվականի նույն ժամանակահատվածում` 6739 երեխա: Այդ մասին հայտնել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը օգոստոսի 12-ին կայացած ասուլիսում:
«Երեւանում ծնելիության ցուցանիշը կազմել է 13,2 տոկոս: Մարզերում այդ ցուցանիշը գերազանցում է մայրաքաղաքի ծնելիության միջին մակարդակը. Վայոց ձորում 10,7 տոկոս, Լոռիում` 10, Շիրակում` 11,9, Սյունիքում` 11 տոկոս»,- ասել է Կույումջյանը:
Նա նկատել է, որ 3,2 տոկոսով աճել է մահացության ցուցանիշը. 2010-ի 14290-ի փոխարեն, 2011-ին այն կազմել է 14 հազար 743 դեպք:
Մասնագետը հավելել է, որ 2011թ. առաջին կիսամյակի տվյալներով ծերության մակարդակը նույնպես աճել է ողջ Հայաստանում` կազմելով 11,5 տոկոս:
Հայաստանում այնքան էլ մեծ չէ ամուսնալուծությունների թիվը: Մեծ մասը բաժին է հասնում մայրաքաղաքին եւ Լոռիի մարզին: Ըստ Կույումջյանի, ամուսնալուծությունների ցուցանիշը կազմում է 1,3 տոկոս, իսկ պատճառներից մեկն էլ միգրացիան է:
«Առաջին կիսամյակի տվյալներով, Հայաստանից գնացել է 821 հազար 644 մարդ, ժամանել է 754 հազար 371 մարդ: Բացասական սալդոն կազմել է 89 հազար 345 մարդ»,- ամփոփել է Կույումջյանը:




























