Ռուսաստանի Նիժեգորոդսկի մարզի Ձերժինսկ քաղաքում հուլիսի վերջին հայերի եւ ադրբեջանցիների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգությունը փողի պատճառով է տեղի ունեցել, օգոստոսի 12-ին հաղորդում է «Կրիմինալնայա խրոնիկան»:

Հայերն ադրբեջանցիներին մեղադրել են չափազանցված գներով «Կամազ» վաճառելու մեջ:

«Կրիմինալնայա խրոնիկա»-ին իրավապահ մարմինները հայտնել են, որ Հայաստանի բնակիչը «Հին Բաքու» սրճարան է եկել, որպեսզի «Կամազ» ավտոմեքենան իրեն վաճառած անձանց ներկայացնի իր դժգոհությունը:

Գնորդները դժգոհ են եղել բեռնատարի համալրվածությունից, որի գինը, նրանց կարծիքով, պետք է ավելի քան 50 ռուբլի ցածր լիներ:

Խոսակցության ընթացքում վիճաբանություն է սկսվել, որը վերածվել է հրաձգության, արդյունքում  երկու երիտասարդների ձեռքերը պոկվել են:

Նշենք, որ Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանիկյանցը հուլիսի 27-ին NEWS.am-ին եւս  հայտնել էր, որ վեճը ազգային հողի վրա չի եղել։

«Վիճաբանության  պատճառն առեւտրային է եղել. կողմերը համաձայնության չեն եկել ավտոպահեստամասերի գների շուրջ։ «Հին Բաքու» սրճարանում տեղի ունեցած վիճաբանությանը մասնակցել են 50 ադրբեջանցիներ, երկու հայ եւ նրանց հետ եղած 3 եզդի։ Բավական լուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչը վերաճել է փոխհրաձգության, որի արդյունքում վիրավորվել է մեկ հայ, մեկ ադրբեջանցի եւ մի եզդի։ Կրակել են ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից»,- նշել է Անանիկյանցը։