Երեւանի քաղաքապետարանն արձագանքել է որոշ քաղաքական ուժերի տարածած հայտարարությանը` երեւանյան կրպակների ապամոնտաժման հետ կապված:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետարանի պատասխանում, մասնավորապես, ասվում է.

«Հայտնում ենք, որ Երեւան համայնքը եւ Երեւանի քաղաքապետարանը գործում են օրենքով ամրագրված լիազորությունների շրջանակում եւ իրականացնում են քաղաքային իշխանություններին վերապահված գործառույթներ:

Կրպակների ապամոնտաժումը համատարած չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել, եւ փոքր ու միջին բիզնեսի վրա ճնշում գործադրելու կամ այլ խոշոր տնտեսավարողների շահերին նպաստելու նպատակ չի  հետապնդում:

Ապամոնտաժվում են անօրինական, չգործող եւ լքյալ կրպակները, ինչպես նաեւ քաղաքի  կենտրոնական որոշ հատվածներում տեղակայված  այն ժամանակավոր շինություններն ու կրպակները, որոնց հողի վարձակալության պայմանագրի ժամկետները ավարտվել են՝ ելնելով  բնակիչների բողոքներից, կանաչ տարածքներն ու մայթերը վերականգնելու անհրաժեշտությունից, տվյալ տարածքներով անցնող կոմունիկացիոն ուղիների շահագործումն ապահովելու պահանջով եւ այլն:  Գործընթացը կենտրոնից դուրս գտնվող կրպակներին չի անդրադառնում: 

Քաղաքապետարանի կողմից իրականացվող գործընթացում օրենքի խախտում չկա,  եւ այդ առումով ներկայացվող փաստարկները անհիմն են եւ առարկայազուրկ:

Ինչ վերաբերում է կրպակներում աշխատող  սոցիալապես անապահով մարդկանց, ապա վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարական է տրված անհատական լուծումներ քննարկել յուրաքանչյուրի դեպքում:  Քաղաքային իշխանությունները մտահոգ են մարդկանց սոցիալական խնդիրներով ոչ պակաս, քան քաղաքական ուժերը»: