Հայաստանը պետք է դառնա խոշոր արդյունաբերական երկիր: Այդ մասին այսօր` օգոստոսի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Միացյալ առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ, Հայրենական ապրանքարտադրողների միության ղեկավար Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքով, Հայաստանում պետք է արդյունաբերական զարգացման հայեցակարգ ընդունվի:

«Արդյունաբերությունը Հայաստանում պետք է դասվի քաղաքական կատեգորիաների շարքը, դա տնտեսական զարգացման միակ ուղին է»,- ընդգծել է նա:

NEWS.am-ի թղթակցի խնդրանքին` մեկնաբանել իր հայտարարությունների տրամաբանությունը, երբ բնապահպանական կազմակերպությունները ահազանգ են հնչեցնում արդյունաբերական ընկերությունների կողմից շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ, իսկ ինքն առաջարկում է ավելացնել արդյունաբերական արտադրության ծավալները, ասուլիսի բանախոսը պատասխանել է. «Խորհրդային տարիներին Հայաստանն արդեն արդյունաբերական երկիր եղել է, մեզ մոտ ծաղկում էր գիտական արդյունաբերությունը եւ ոչինչ էլ չեղավ: 1988թ. Հայաստանի բյուջեն կազմում էր 14,9 մլրդ ռուբլի, որի 66,7 տոկոսը հատկացվում էր արդյունաբերությանը: Մենք պետք է վերականգնենք այդ ծավալները»,- համոզմունք է հայտնել գործիչը եւ հավելել. «Արդյունաբերությունը պետք է գումար բերի, որի մի մասը գնալու է բնապահպանական խնդիրների լուծմանը»: