Օգոստոսի 11-ին Էստոնիայի Պաշտպանության նախարարության շենքի գրավման փորձի ժամանակ զոհված Կարեն Դրամբյանին լավ ճանաչած էստոնական ռուսալեզու «Միասին» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Նեշչադիմովան պատմել է նրա մասին: Նեշչադիմովայի կազմակերպությունը հանդես է գալիս նացիստների հերոսացման դեմ, նշում է Piter.tv-ն:
Փաստաբան Դրամբյանը Նեշչադիմովային պաշտպանել է դատարանում խորհրդային զինվորների հիշատակին նվիրված Տալինի «Բրոնզե զինվորի» տեղափոխման հայտնի գործի ժամանակ:
Նեշչադիմովան պատմում է, որ Կարեն Դրամբյանն ունեցել է արդարության սուր զգացում, ծանր ապրումներ է ունեցել ռուսալեզու բնակչության դեմ Էստոնիայի իշխանությունների խտրական քաղաքականության, «Բրոնզե զինվորի» դեմոնտաժի, ռուս համայնքի պառակտվածության պատճառով:
Նեշչադիմովան վստահ է, որ Դրամբյանը չէր պատրաստվում որեւէ մեկին սպանել եւ իր արարքով ցանկանում էր ուշադրություն հրավիրել ռուսալեզու բնակիչների նկատմամբ էստոնական իշխանությունների վերաբերմունքի վրա:
Նշվում է, որ Էստոնիայի ՊՆ-ն գլխավորում է երկրի նախկին վարչապետ, ազգայնական «Հայրենիքի եւ հանրապետության միություն» կուսակցության ղեկավար Մարտ Լաարը: Ռուսալեզու կուսակցությունների կարծիքով, Լաարի վարչապետության ժամանակ ընդունվել են ոչ էստոնական բնակչությանն ու ազգային լեզվին վերաբերող խտրական օրենքներ: Լաարը ժամանակին եղել է նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի խորհրդականը:
Կարեն Դրամբյանը իրավաբան էր եւ ռուսալեզու բնակչության մի միասի շահերը ներկայացնող Էստոնիայի միացյալ ձախ կուսակցության անդամ էր:
2009-ին Դրամբյանն առաջադրվել էր տալինյան արվարձաններից մեկի քաղխորհրդի ընտրություններում, սակայն ընտրողների աջակցություն չէր ստացել: Իսկ երկու տարի առաջ նա գործազուրկ էր մնացել, ինչը չէր կարող չազդել նրա հոգեվիճակի վրա: Դրամբյանը պարտքերի պատճառով կորցրել էր բնակարանը: Նրա անձնական կյանքը եւս չէր ստացվել: Նա բաժանված էր, դուստրը ապրում է այլ երկրում, փեսան մահացել է ավտոպատահարում: Հնարավոր է` այդ բոլոր ծանր հանգամանքները դրդել են Դրամբյանին ճակատագրական քայլին:
Ոստիկանության տվյալներով, Դրամբյանը զինված է եղել ատրճանակով, պայթուցիկ փաթեթներով եւ ծխագլանով: Էստոնական հատուկ նշանակության ջոկատը սպանել է Դրամբյանին: Դրամբյանի արարքի դրդապատճառը հայտնի չէ:




























